Լիբիայի արևելյան հատվածը վերահսկող Լիբիական ազգային բանակի ռազմական հետախուզության պետ Ֆավզի ալ-Մանսուրին սպանվել է Բենղազի քաղաքում: Նրա ավտոմեքենան պայթեցվել է տեղի մզկիթից դուրս գալուց հետո։ Այս մասին հայտնում է «AFP» գործակալությունը՝ հղում անելով բանակի պաշտոնական հայտարարությանը։
Լիբիական ազգային բանակը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչական գործողություն։ Փորձագետների գնահատմամբ՝ ալ-Մանսուրիի սպանությունը լուրջ հարված է բանակի հեղինակությանը, քանի որ դեպքը տեղի է ունեցել իրենց իսկ հենակետ համարվող Բենղազիում։ Միջադեպը կարող է նաև խաթարել ԱՄՆ միջնորդությամբ ընթացող բանակցությունները, որոնք նպատակ ունեն վերամիավորել երկրի գործադիր իշխանությունը։
Լիբիայում քաղաքական ու անվտանգային ճգնաժամը շարունակվում է 2011 թվականից, երբ Մուամմար Քադաֆիի տապալումից հետո երկիրը հայտնվեց քաղաքացիական պատերազմի և պառակտման մեջ։ Այսօր Լիբիայում փաստացի գործում է երկու իշխանություն․ մայրաքաղաք Տրիպոլիում (արևմուտք)՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորությամբ, որին աջակցում է նաև Թուրքիան։ Մյուս վարչակազմը գործում է Բենղազիում (արևելք և հարավային շրջաններ)՝ Լիբիական ազգային բանակի հրամանատար, զորավար Խալիֆա Հաֆթարի ղեկավարությամբ։







