S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները՝ համապատասխանաբար «BB-/B» մակարդակում՝ պահպանելով դրական կանխատեսումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Գործակալությունը Հայաստանի վարկանիշին աջակցող հիմնական գործոնների թվում առանձնացրել է երկրի խոհեմ և կանխատեսելի մակրոտնտեսական քաղաքականությունը, տնտեսական աճի բարենպաստ հեռանկարները, ինչպես նաև կառավարելի և կայուն պետական պարտքը։
Դրական կանխատեսումը պայմանավորված է Հայաստանի արտաքին դիմակայունության հետագա ամրապնդման հնարավորությամբ։ Մասնավորապես, S&P-ն այս համատեքստում կարևորել է տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։







