Իրանը և ԱՄՆ-ն կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել։ Այս մասին հայտնում են իրանական պետական լրատվամիջոցներն ու ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
Իրանական Կարմիր մահիկի տվյալներով՝ Իրանի հարավում՝ Սիրիկ քաղաքում, ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երեխա։ Հարվածների թիրախում է հայտնվել նաև տուն, որտեղ հարսանեկան միջոցառում էր անցկացվում։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է։
ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ հարվածները հաջորդել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ իրականացված «վերջին գործողություններին»։
Իրանի «Tasnim» գործակալության փոխանցմամբ՝ ի պատասխան, Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Հորդանանի Աքաբա քաղաքում գտնվող ԱՄՆ ծովային բազային։ Հորդանանի զինված ուժերի տվյալներով՝ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են 13 հրթիռ, որոնցից 10-ը ոչնչացվել է, իսկ երեքն ընկել են հեռավոր շրջաններում։ Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։
Իրանական լրատվամիջոցները հայտնել են նաև Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ հրթիռային հարձակումների մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ նախազգուշացրել էր, որ Իրանը նոր հարվածների դեպքում կբախվի «ավելի կոշտ» ռազմական գործողությունների։







