Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Բաքվում անցկացվող ականազերծման միջազգային համաժողովում, հայտարարել է, որ «Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո Ադրբեջանն ու Հայաստանը փաստացի ապրում են խաղաղության պայմաններում, և երկու երկրների միջև ռազմական էսկալացիա չի եղել»։
Նրա խոսքով՝ շարունակվել է երկխոսությունը երկու երկրների կառավարությունների և հասարակությունների միջև, հաստատվել են առևտրատնտեսական կապեր, ինչպես նաև զարգանում են փոխկապակցվածության և հաղորդակցությունների ոլորտում նախագծերը։
«Միևնույն ժամանակ, մեր հասարակություններից ակնկալվում է, որ նրանք կնայեն այլ ապագայի։ Սա իսկապես պատմական հնարավորություն է։ Խաղաղությունը ստեղծվում է ոչ միայն քաղաքական համաձայնագրերով։ Այն պետք է տեսանելի և զգալի դառնա մարդկանց առօրյա կյանքում»,- ասել է Ամիրբեկովը։







