Եմենում կառավարական ուժերի և հութիների միջև ռազմական գործողությունների սրման ֆոնին Վաշինգտոնը վերահաստատել է աջակցությունը Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը։ Միաժամանակ ԱՄՆ պաշտոնյաները նախորդ շաբաթվա վերջին Օմանում ուղիղ բանակցություններ են անցկացրել հութիների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն։
Եմենի կառավարական ուժերը իրենց հերթին հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցրել Մոխա քաղաքի շրջակայքում գտնվող հութիների դիրքերին, իսկ կառավարական ուժերն անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ են հասցրել Մարիբ նահանգում հութիների ուժերին։
Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները 40 օդային հարված են հասցրել Թաիզ, Մարիբ և Հոդեյդա նահանգներին։
Հութիները հայտարարել են, որ պատասխան հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի Խամիս Մուշայթ ավիաբազային և Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու նավահանգստային քաղաքում գտնվող նավթային օբյեկտին։
Հութիները նաև պնդել են, որ Մարիբ նահանգի երկնքում խոցել են Սաուդյան Արաբիայի կործանիչ՝ կիրառելով տեղական արտադրության հրթիռ։







