Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Թուրքիան և Ադրբեջանը նախատեսում են էլեկտրաէներգիայի ոլորտում երեք խոշոր նախագիծ իրականացնել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ դրանց թվում են Նախիջևան-Թուրքիա էլեկտրահաղորդման գիծը, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Բուլղարիայի միջև նախատեսվող քառակողմ կանաչ էներգիայի միջանցքը, ինչպես նաև Սև ծովով դեպի Եվրոպա ձգվող էլեկտրահաղորդման գիծը։
Բայրաքթարի խոսքով՝ թուրք-ադրբեջանական էներգետիկ համագործակցությունը, նավթի և բնական գազի ոլորտներից բացի, ընդգրկում է նաև հանքարդյունաբերությունը, վերականգնվող էներգիան և էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքները։
Բայրաքթարը նաև անդրադարձել է Թուրքիայի և Եվրոպայի միջև էներգետիկ կապերին՝ նշելով, որ նախատեսվող նախագծերը կարող են օգտագործվել էլեկտրաէներգիայի տարածաշրջանային փոխանակման և Եվրոպա արտահանման համար։







