Վրաստանի «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ, ընդդիմադիր Շալվա Նաթելաշվիլին Վրաստանում Ադրբեջանի դեսպանությանը նոտա է փոխանցել՝ պահանջելով Ադրբեջանի կառավարությունից պատասխանել Դավիթ Գարեջիի վանական համալիրի կարգավիճակին վերաբերող մի շարք հարցերի։ Այս մասին հայտնում է News.ge-ն:
Նաթելաշվիլին պնդել է, որ 2019 թվականին Դավիթ Գարեջիի բարձունքների նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատումը վերածվել է անեքսիայի։ Նա Ադրբեջանի իշխանություններից պարզաբանումներ է պահանջել Դավիթ Գարեջիի առանձին հատվածների անվանումների փոփոխության, համալիրը Ադրբեջանի Աղստաֆայի շրջանի մեջ ներառելու, բարձունքներից մեկն Իլհամ Ալիևի անունով կոչելու, ինչպես նաև տարածքի նկատմամբ ադրբեջանական սահմանապահ գերատեսչության վերահսկողության առնչությամբ։
«Քանի դեռ պատասխան չկա, քանի դեռ Ադրբեջանի ռազմական ուժերը չեն լքել Դավիթ Գարեջիի տարածքը, և մեր այս սրբավայրի հողի վրա չի վերականգնվել ստատուս քվոն, այսօր դիմել ենք ԱՄՆ Կոնգրեսի 415 անդամներին և 100 սենատորներին, որպեսզի շարունակվի Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն, որը գործում է 90-ական թվականներից՝ Ղարաբաղում պատերազմի պատճառով։ Ագրեսորին չի կարելի զենք մատակարարել»,- հայտարարել է Նաթելաշվիլին։








