Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը։ Շենքից իջեցվել են Գերմանիայի դրոշն ու զինանշանը, ինչպես նաև հեռացվել է հյուպատոսության ցուցանակը։ Այս մասին հայտնում է DW-ն:
Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը գործում էր 1972 թվականից։ Դրա գործառույթներն այսուհետ կիրականացնի Մոսկվայում Գերմանիայի դեսպանատունը։
Փակվել է նաև գլխավոր հյուպատոսությանը կից գերմանական դպրոցը: Դպրոցում վերջին դասերը տեղի են ունեցել սեպտեմբերի 11-ին։ Այն գործում էր 2009 թվականից և ներառում էր մանկապարտեզ, տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներ, որտեղ ուսանում էր շուրջ 150 երեխա։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 15-ին, Բոննում տեղի է ունեցել նաև Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակման արարողությունը։ Դիվանագիտական ներկայացուցչության տարածքում իջեցվել է Ռուսաստանի դրոշը, իսկ դեսպանը հրաժեշտ է տվել Գերմանիայից հեռացող աշխատակիցներին։
Գերմանիան Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը փակելու որոշումը կապել էր Լայպցիգի օդանավակայանում օգոստոսին տեղի ունեցած միջադեպի հետ, երբ պայթուցիկով զինված անօդաչու թռչող սարք էր հայտնաբերվել օդանավակայանի տարածքում։ Բեռլինը միջադեպի մեջ մեղադրում է Մոսկվային։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտի խոսքով՝ Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության մասին եզրակացությունը հիմնված է անօդաչու սարքերի կարգավորումների և դրանց բաղադրիչների ուսումնասիրության վրա, որոնք, ըստ գերմանական կողմի, նախկինում կիրառվել են այլ հիբրիդային հարձակումների ժամանակ։ Մոսկվան հերքել է մեղադրանքները:








