Հաշվի առնելով ԱՄՆ-ի, հատկապես Թրամփի, թշնամական վերաբերմունքը Իրանի ժողովրդի նկատմամբ՝ Թեհրանը լրջորեն մտահոգված էր Հայաստանի և Իրանի սահմանին ամերիկացիների ներկայությամբ, և Իսլամական Հանրապետությունը այդ մտահոգությունը հայտնել էր Հայաստանին։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին TRIPP թեմայով համաժողովում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, փոխանցում է News.am-ը։
«Միաժամանակ մենք վստահ ենք, որ Հայաստանի և Իրանի միջև եղբայրական հարաբերությունները հաշվի առնելով՝ կարող ենք պատշաճ կերպով վերահսկողության տակ պահել այդ հարցը։ Եթե ԱՄՆ-ը TRIPP-ի իրականացման ընթացքում առաջնորդվի այն մոտեցմամբ, որ պետք է հնարավորինս քիչ խոչընդոտի Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը, ապա դա նույնպես կդառնա շատ կարևոր ձեռքբերում։ Սակայն այս հարցի վերաբերյալ առայժմ շատ դժվար է կարծիք հայտնել»,- նշել է դեսպանը։
Ըստ դիվանագետի՝ Իրանի մտահոգությունները փարատելու լավագույն միջոցը ինստիտուցիոնալ մեխանիզմի առկայությունն է, որի միջոցով հնարավոր կլինի քննարկել առաջացող հարցերը և կառավարել դրանք:
Դեսպանը նշել է, որ «TRIPP-ը պատմական փորձություն է, որի արդյունքներով հնարավոր կլինի գնահատել, թե որքան հեռատես և խելամիտ կլինի Հայաստանը»։
Շիրղոլամին նաև շեշտել է, որ ցանկացած նախագծի իրականացման դեպքում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չպետք է վտանգվեն։ Բացի դրանից, հայ-իրանական սահմանի մոտ ամերիկացիների ներկայությունը չպետք է սպառնալիք ներկայացնի Իրանի համար։
«Եթե այս երկու պայմաններն ապահովվեն, ինչպես նաև հաշվի առնվեն Հայաստանի շահերը, ապա Իրանը չի առարկի TRIPP նախագծի իրականացմանը»,- ընդգծել է Իրանի դեսպանը։







