ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պատերազմը լրջորեն ազդել է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա՝ նշելով, որ երկիրը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության ոլորտում։ Այս մասին Թրամփը գրել է «Truth Social»-ում։
Թրամփի խոսքով՝ ուկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների մի մասը ժամանակավորապես չի գործում։ Նա նշել է, որ դրանցից «մեծ թվով» վնասվել է և շարքից դուրս եկել։ Թրամփը նաև կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը՝ այն անվանելով «անիմաստ և անվերջ»։
Թրամփի հայտարարությանը արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի դեմ էներգետիկ օբյեկտներին ուղղված հարձակումները, եթե Կրեմլը նույնը անի Ուկրաինայի նկատմամբ։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի էներգետիկ ոլորտը, կարևոր ենթակառուցվածքները և սննդամթերքի արտահանման օբյեկտները չպետք է թիրախավորվեն Ռուսաստանի կողմից։
Թրամփը սեպտեմբերի սկզբին ևս կոչ էր արել Ուկրաինային դադարեցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումները՝ նշելով, որ դրանք կարող են ազդել վառելիքի շուկայի վրա։ Զելենսկին սեպտեմբերի 14-ին հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն կարողանա ապահովել Ռուսաստանի պատրաստակամությունը՝ դադարեցնելու հարձակումները Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների վրա, Կիևը պատրաստ է պատասխան քայլերի։
Թրամփն ու Զելենսկին սեպտեմբերի 22-ին նախատեսում են հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Զելենսկին հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են նաև էներգետիկ և պարենային անվտանգության, ինչպես նաև ռազմական գործողությունների թուլացման հնարավոր քայլերը։







