Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) դուրս գալու և քաղաքական գործունեությունը որպես անկախ գործիչ շարունակելու մասին։ Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։
Յավաշի հրաժարականից հետո ԺՀԿ-ից հեռանալու մասին հայտարարել են նաև Անկարայի Բեյփազարի, Քալեջիքի, Գյուդուլի, Փոլաթլըի, Այաշի, Շերեֆլիքոչիսարի և Էլմադաղի շրջանների քաղաքապետները։ Նրանք հայտարարել են, որ իրենց պաշտոնները կշարունակեն զբաղեցնել որպես անկախ քաղաքապետներ։
Յավաշը հայտարարել է, որ կուսակցության ներսում իր անձի կամ իր որդեգրած դիրքորոշման վերաբերյալ դժգոհության առկայության դեպքում պատրաստ էր համապատասխան քայլեր ձեռնարկել։ «Այսօր արված որոշ հայտարարությունների պատճառով հեռանում եմ Ժողովրդահանրապետական կուսակցությունից և հանրությանը ներկայացնում եմ իմ որոշումը՝ քաղաքական ճանապարհս շարունակել որպես անկախ գործիչ»,- ասել է նա։ Յավաշն իր որոշումը կապել է նաև ընտրողների կամքի հետ՝ նշելով, որ քաղաքացիները քվեարկում են ոչ միայն կոնկրետ անձի, այլև քաղաքական կամքի օգտին։
Նա հայտարարել է, որ վերջին ամիսներին ԺՀԿ ներսում ընթացող քննարկումները, այդ թվում՝ կուսակցության ղեկավարության շուրջ «բացարձակ անվավերության» գործընթացը, կարող են խորացնել կուսակցության ներսում տարաձայնությունները։ Նրա խոսքով՝ դա կարող է անդրադառնալ ոչ միայն կուսակցության, այլև Թուրքիայում ժողովրդավարական քաղաքականության զարգացման վրա։
ԺՀԿ ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն Յավաշի հրաժարականից հետո հայտարարել է, որ վերջինս այն քաղաքական գործիչներից է, ում ինքը բերել է կուսակցություն։ Նա նաև նշել է, որ համաձայն է Յավաշի՝ ընտրողների կամքին հավատարմության վերաբերյալ գնահատականներին։ ԺՀԿ նախկին նախագահ, «Նոր» կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը հայտարարել է, որ հեռախոսազրույցում Յավաշին հայտնել է իր հարգանքը նրա որոշման նկատմամբ և մաղթել, որ այն բարենպաստ լինի թե՛ նրա, թե՛ երկրի համար։ Նա նաև ընդգծել է, որ հարգանքով է վերաբերվում Յավաշի և մյուս քաղաքապետների հետագա որոշումներին։
Հիշեցնենք, որ ԺՀԿ ներսում ճգնաժամը խորացել էր 2026 թվականի մայիսի 21-ին, երբ Անկարայի շրջանային վերաքննիչ դատարանը 38-րդ և դրան հաջորդած 21-րդ համագումարների վերաբերյալ կայացրել էր բացարձակ անվավերության որոշում, ինչի հետևանքով կուսակցության ղեկավարության շուրջ իրավական և քաղաքական վեճ էր առաջացել։ Որոշման համաձայն՝ Քեմալ Քըլըչդարօղլուն վերադարձել էր կուսակցության ղեկավարի պաշտոնին, իսկ Օզգյուր Օզելի ղեկավարած վարչակազմի կարգավիճակը դարձել էր վիճարկման առարկա։ Դատական գործընթացի շարունակության ընթացքում Օզգյուր Օզելը և նրա կողմնակիցները դուրս եկան ԺՀԿ-ից և ձևավորեցին «Նոր կուսակցություն» (Yeni Parti), իսկ ՀԺԿ-ում շարունակվեց արտահերթ համագումարի անցկացման շուրջ գործընթացը։







