Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 24-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում՝ անդրադառնալով Իսրայել-Իրան պատերազմին, Գազայում տիրող իրավիճակին և մի շարք երկրների վարած քաղաքականությանը։ Նրա ելույթի ժամանակ մի շարք պաշտոնյաներ լքել են դահլիճը՝ իրենց բողոքն արտահայտելով։
Ելույթի ընթացքում Նեթանյահուն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան, մասնավորապես, մեղադրելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ․
«Էրդողանը բռնապետ է, որը նաև հյուրընկալում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական ղեկավարներին։ Նա սպանել է հազարավոր քուրդ խաղաղ բնակիչների։ Նա ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ Նա բանտարկում է լրագրողների և ընդդիմադիր առաջնորդների։ Իրականում, կարծում եմ՝ այս հարցում նա համաշխարհային ռեկորդակիր է, թեև դա դժվար որոշում է։ Բայց կարծում եմ՝ նա առաջինն է»,- նշել է Նեթանյահուն։
Նա հայտարարել է, որ Էրդողանը ապօրինաբար օկուպացրել է Կիպրոսի հյուսիսը, որը Եվրամիության անդամ է, և պարբերաբար խախտումներ է իրականացնում Հունաստանի նկատմամբ, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Ըստ նրա՝ Էրդողանն այժմ ցանկանում է վերահսկողության տակ վերցնել Սիրիան․
«Դա զարմանալի չէ, քանի որ նա գրեթե ամեն օր կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա ասում է, որ պատրաստվում է լինել Երուսաղեմի տիրակալը։ Ո՛չ, պարոն։ Դուք չեք լինելու։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը»,- ասել է Նեթանյահուն։







