Պակիստանի անվտանգության ուժերը Գուլիստանի սահմանային շրջանում կանխել են աֆղանական կողմից հարձակման փորձը՝ սպանելով «Թալիբան» շարժման մի քանի անդամի։ Այս մասին հայտնել է «Reuters»-ը։
Պատասխան գործողություններն իրականացվել են Պակիստանի տարածք ներթափանցելու և հարձակում գործելու փորձից հետո։ Reuters-ի տվյալներով՝ աֆղանական թալիբների և Պակիստանի անվտանգության ուժերի միջև փոխհրաձգությունը պարբերաբար վերսկսվում է։
Հիշեցնենք, որ հինգշաբթի Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածներ էին հասցրել Աֆղանստանում գտնվող տասը օբյեկտի, որոնք, Իսլամաբադի պնդմամբ, օգտագործվում էին անօդաչու թռչող սարքերի պահպանման և հարձակման համար։
Երկու երկրների հարաբերություններում տարաձայնությունները խորանում են սահմանամերձ շրջաններում զինված խմբավորումների ակտիվացման ֆոնին։ Իսլամաբադը Քաբուլին մեղադրում է Պակիստանի տարածքում միջսահմանային հարձակումներ իրականացնող իսլամիստ զինյալներին ապաստան տալու մեջ։ Աֆղանստանի թալիբների կառավարությունը հերքում է այդ մեղադրանքները՝ նշելով, որ զինված խմբավորումների գործունեությունը Պակիստանի ներքին խնդիրն է։







