ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու ծրագրի մասին տեղեկությունները այն բանից հետո, երբ Չինաստանում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Փերդյուն հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին առաջարկել է զենքի գործարք։ Այս մասին հայտնել է «ABC News»-ը։
Փերդյուն կիրակի օրը «Fox News»-ին տված հարցազրույցում նշել էր, որ Թրամփը Սի Ծինփինին հարցրել է՝ արդյոք նա ցանկանում է զենք գնել։ Դեսպանը, սակայն, մանրամասներ չէր ներկայացրել առաջարկի վերաբերյալ և չէր հայտնել Չինաստանի նախագահի պատասխանը։
Թրամփը սեպտեմբերի 28-ին Օվալաձև աշխատասենյակում հայտարարել է, որ Վաշինգտոնը լավ գաղափար է համարում ամերիկյան սպառազինության վաճառքը Չինաստանին, սակայն նման առաջարկներ Պեկինին չի արել։
Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս Թրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինի հետ նման հարց չի քննարկել և ենթադրել է, որ Փերդյուն, հավանաբար, նկատի է ունեցել Թայվանը։ «Ես երբեք չեմ լսել դրա մասին։ Կարծում եմ՝ նա, հավանաբար, խոսում էր Թայվանի մասին»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը ևս հերքել է հնարավոր գործարքի մասին տեղեկությունները՝ նշելով, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է Չինաստանին զենք վաճառելը, և նման առաջարկ կամ ծրագիր չկա։







