Բաքվում անցկացվող ADEX 2026 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության նախագահ Հալուք Գյորգյունը TRT Haber-ին ներկայացրել է Ադրբեջանի հետ ռազմարդյունաբերական համագործակցության, նախատեսվող պայմանագրերի և ներդրումների մանրամասները։
Գյորգյունի խոսքով՝ ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է ստորագրել ավելի քան 500 մլն դոլար ընդհանուր արժեքով պայմանագրեր և համաձայնագրեր։ Դրանք վերաբերում են ռազմական հարթակներին, սենսորային համակարգերին, ռադարներին, արտադրական օբյեկտներին և ռազմական կարողությունների զարգացման ծրագրերին։
Նա նշել է, որ պայմանավորվածությունները դեռ նախնական փուլում են, և դրանց մանրամասները կհրապարակվեն համապատասխան հանդիպումներից և ստորագրման արարողություններից հետո։
Անդրադառնալով Ադրբեջանում թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեությանը՝ Գյորգյունը հայտնել է, որ Մեքենաշինական և քիմիական արդյունաբերություն ընկերությունը (MKE) երկրում հիմնում է փամփուշտների արտադրության գործարան, իսկ ASFAT ռազմարդյունաբերական ընկերությունը՝ արդիականացման օբյեկտներ։ Նա հիշատակել է նաև Baykar-ի, Roketsan-ի և ASELSAN-ի ներդրումները՝ նշելով, որ նախատեսվող պայմանագրերի ստորագրումից հետո կհայտարարվի ևս մեկ կարևոր ներդրման մասին։
Գյորգյունի խոսքով՝ համագործակցության նպատակն Ադրբեջանի պաշտպանական կարիքների բավարարումից բացի երկրում արտադրական կարողությունների զարգացումն է՝ հետագայում նաև ռազմական արտադրանքի արտահանմանը նպաստելու համար։
Նա հայտնել է նաև նոր սերնդի արտադրանքի և տեխնոլոգիաների համատեղ մշակման մտադրության մասին՝ ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի, այնպես էլ «այլ բարեկամ և դաշնակից պետությունների պահանջարկը բավարարելու նպատակով»։
Նախատեսվում է նաև շրջանակային համաձայնագիր ստորագրել Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի, պաշտպանական արդյունաբերության վարչության և ադրբեջանական համապատասխան գերատեսչությունների միջև։








