Թուրքմենստանում Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին, Region Monitor-ի փոխանցմամբ, հայտնել է Կրեմլը։
Հանդիպման ընթացքում Պուտինն անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ այն այսօր ամենասուր խնդիրն է։
«Մենք գիտենք, որ Իրանը գործնական քայլեր է ձեռնարկում՝ ավարտելու տարածաշրջանում բռնկված հակամարտությունը, որի առաջացման մեղավորը Իրանը չէ։ Թեհրանը կրկին հանդես է եկել իրավիճակի կարգավորման նոր առաջարկներով՝ շեշտը դնելով խաղաղ միջոցների վրա»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը նաև ընդգծել է, որ տարածաշրջանային ճգնաժամի կարգավորման հարցում Մոսկվան պատրաստ է աջակցել Թեհրանին։ «Դուք գիտեք մեր դիրքորոշումը, պարո՛ն նախագահ։ Մենք մեր կողմից պատրաստ ենք անել հնարավորը՝ ձեզ աջակցելու այս իրավիճակի կարգավորման հարցում»,- նշել է նա։
ԻԻՀ նախագահի կայքի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և առևտրի բնագավառներում տնտեսական ու ռազմավարական համագործակցության ամրապնդման հարցեր։
Նախագահներն ընդգծել են համատեղ ծրագրերի իրագործումն արագացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև իրենց վճռականությունը՝ ընդլայնելու բազմակողմանի համագործակցության ծավալները՝ «ի նպաստ երկու երկրների ազգային շահերի և տարածաշրջանային կայունության»։






