ԱՄՆ զինված ուժերը մշակել են Իրանի դեմ հնարավոր նոր հարվածների ծրագրեր, որոնք նախատեսում են նաև GBU-43/B (MOAB)՝ «բոլոր ռումբերի մայրը» անվանումով հայտնի ռումբի կիրառումը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
ԱՄՆ զինանոցի ամենահզոր ոչ միջուկային ռումբի հնարավոր թիրախներն են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներն ու միջուկային օբյեկտները, այդ թվում՝ ստորգետնյա «Փիքաքս» համալիրը։
CNN-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հարվածները կարող են իրականացվել նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով՝ ԱՄՆ միջանկյալ ընտրություններից առաջ կամ հետո։ Միաժամանակ ռազմական փորձագետները կասկածի տակ են դնում ռումբի արդյունավետությունը խոր ստորգետնյա օբյեկտների դեմ՝ նշելով նաև քաղաքացիական զոհերի հավանականությունը։
Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել հնարավոր ռազմական ծրագրերը՝ ընդգծելով, որ Թրամփը դիտարկում է բոլոր տարբերակները՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։







