Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Թուրքիան նախարարական մակարդակով կմասնակցի Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17), մինչդեռ Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ դեռևս հաստատված տեղեկություն չունի։
«Ես գիտեմ, որ Թուրքիայից COP17-ին նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է։ Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ այս պահի դրությամբ հաստատման տեղեկատվություն, գոնե ինձ, չի հասել»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Փաշինյանը։
COP17-ը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովն է, որի ընթացքում մասնակից երկրները քննարկում են կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի պաշտպանության և բնության կայուն օգտագործմանն առնչվող հարցեր։
Հայաստանը 2026 թվականին հյուրընկալում է համաժողովը։ Առաջնորդների գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 16-ին, իսկ COP17-ի հիմնական աշխատանքները կանցկացվեն հոկտեմբերի 19-30-ը։
Համաժողովը Երևանում կհամախմբի տարբեր երկրների պետական պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և բնապահպանական ոլորտի ներկայացուցիչների։







