Թուրքիայում անձնագրային ստուգման ժամանակ ձերբակալել են վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջապարիձեին։ Նա տարանցիկ չվերթով Բրյուսել էր մեկնում՝ մասնակցելու Եվրոպական խորհրդարանի «Renew Europe» լիբերալ խմբակցության առաջնորդների գագաթնաժողովին։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Newsgeorgia-ն։
Թուրքական իշխանությունները հայտնել են, որ քաղաքական գործչի մուտքն իրենց երկիր արգելված է, առգրավել են նրա անձնագիրն ու ուղեբեռը, տեղավորել ժամանակավոր պահման խցում և մտադիր են նրան հետ ուղարկել Թբիլիսի։
«Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալյանսը» (ALDE), որի անդամ է Ջապարիձեի կուսակցությունը տեղի ունեցածն անվանել է ճնշում եվրոպամետ ընդդիմադիր գործիչների տեղաշարժի ու գործունեության վրա։ Թեև Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ որևէ երկրից չի պահանջել արգելել Ջապարիձեի մուտքը, ինքը՝ քաղաքական գործիչը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ թուրքական կողմն իր մասին տեղեկությունները ստացել է հենց վրացական պաշտոնական կառույցներից։ Նրա խոսքով՝ իր մուտքը Թուրքիա փակ է դեռևս 2025 թվականի նոյեմբերից, և ինքը ցավում է միայն այն բանի համար, որ բաց է թողնում Բրյուսելում կարևոր հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը։
Զուրաբ Ջապարիձեն Վրաստանի ընդդիմության ամենաակտիվ դեմքերից է։ Նա արդեն իսկ յոթ ամսվա ազատազրկում է կրել՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ստեղծած խորհրդարանական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար և ազատ է արձակվել 2025 թվականի վերջին։ Այժմ նրա նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել «սաբոտաժի» մեղադրանքով․ դատախազությունը նրան ու ևս յոթ ընդդիմադիր առաջնորդների մեղադրում է Արևմուտքի կողմից վրացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ պահանջելու և 2024 թվականի ընտրություններից հետո բողոքի ակցիաներ կազմակերպելու մեջ։ Այս մեղադրանքով նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։







