ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է 30 օրով մեղմացնել ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների նկատմամբ պատժամիջոցները՝ այդ քայլը համարելով Միացյալ Նահանգների շահերից բխող։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ «Breitbart News»-ին տված հարցազրույցում։
Ռուբիոյի խոսքով՝ որոշումը պայմանավորված է դիզելային վառելիքի նկատմամբ համաշխարհային պահանջարկի աճով։ Նա նշել է, որ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումը կարող է օգուտ բերել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ այլ երկրներին։
«Նախագահն այս որոշումը կայացրել է ոչ թե այն պատճառով, որ դա վատ է Ուկրաինայի կամ լավ՝ Ռուսաստանի համար, այլ որովհետև այն ձեռնտու է Ամերիկային և կարևոր է Միացյալ Նահանգների համար», – ասել է Ռուբիոն։
Պետքարտուղարի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Վաշինգտոնը նման քայլ է ձեռնարկում․ Թրամփը նախկինում ևս 30 օրով ժամանակավորապես մեղմացրել էր սահմանափակումները՝ թույլ տալով ռուսական դիզելային վառելիքի ավելի մեծ ծավալների մուտքը համաշխարհային շուկա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նավթամթերքի մատակարարումների հարցը։ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է նավթ և նավթամթերք մատակարարել ԱՄՆ-ին և համաշխարհային շուկային։







