Եվրամիությունը 38 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանի բնակչությանը, փոքր բիզնեսին և մարզերի զարգացմանն աջակցելու համար, սակայն ֆինանսական միջոցները չեն փոխանցվի Վրաստանի կառավարությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը՝ որոշումը կապելով երկրում ժողովրդավարական սկզբունքներից նահանջի հետ։
ԵՄ ներկայացուցչության փոխանցմամբ՝ միությունը դադարեցրել է Վրաստանի իշխանություններին ֆինանսական աջակցություն տրամադրելը, սակայն շարունակում է օգնություն ցուցաբերել երկրի բնակչությանը։ Հատկացվող միջոցները կուղղվեն փոքր բիզնեսի զարգացմանը, մարզերում աշխատատեղերի ստեղծմանը, գյուղատնտեսությանն ու ֆերմերներին աջակցելուն, ինչպես նաև մասնագիտական կրթությանն ու զբաղվածության խթանմանը։
Ֆինանսավորումը նախատեսված է նաև կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարի, անվտանգ միգրացիայի, բնապահպանական ծրագրերի և բնական աղետներին պատրաստվելու համար։ ԵՄ-ն կշարունակի աջակցել նաև Աբխազիայում բնակվող համայնքներին։ Ընդհանուր առմամբ, 2026 թվականին նախատեսված ծրագրերի նպատակն է նպաստել ընտանիքների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։
ԵՄ-ի որոշումը քննադատել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նա այն «ամոթալի» է անվանել՝ պնդելով, որ բնակչությանը պետական կառույցներից անկախ աջակցելու մոտեցումը կասկածի տակ է դնում Վրաստանի պետականությունը։ Պապուաշվիլիի խոսքով՝ ԵՄ-ն ցանկանում է անմիջական կապեր հաստատել երկրի բնակչության, այլ ոչ թե պետության հետ։
ԵՄ ներկայացուցչության տվյալներով՝ 1992 թվականից ի վեր միությունը Վրաստանում տարբեր ծրագրերի համար հատկացրել է ավելի քան 2 միլիարդ եվրո։







