Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը զեկույց են պատրաստել Հայաստանի՝ ԵԱՏՄ մասնակցությունը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարությունը։
Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ կառույցից դուրս գալու դեպքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը կարող է նվազել 15,6%-ով կամ շուրջ 4,6 մլրդ դոլարով, իսկ գնաճը կարող է բարձրանալ 14,9%-ով։ Սպասվում է նաև սպառման 14,6%-ով նվազում։
Փաստաթղթի համաձայն՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կարող է կրճատվել ավելի քան 55%-ով։ Հայկական ապրանքների արտահանումը դեպի միության երկրներ կարող է նվազել ավելի քան 65%-ով, իսկ ներմուծումը՝ գրեթե կիսով չափ։
Զեկույցում նշվում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության կասեցման դեպքում կարող են վերականգնվել մաքսային վերահսկողությունը և միության անդամ չհանդիսացող երկրների հետ առևտրի համար կիրառվող սահմանափակումները։ Հայկական արտադրանքի համապատասխանության փաստաթղթերը կարող են այլևս չճանաչվել միության երկրներում, իսկ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ կվերականգնվի ամբողջական սանիտարական և անասնաբուժական վերահսկողությունը։
Փոփոխությունները կարող են անդրադառնալ նաև աշխատանքային միգրացիային։ Հայաստանի քաղաքացիների համար կարող են կրկին պահանջվել աշխատանքի թույլտվություններ, ինչպես նաև դադարել ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված բժշկական օգնության և սոցիալական ապահովության որոշ արտոնություններ։
Զեկույցը հոկտեմբերի 20-ին փոխանցվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ներկայացնելու համար։







