Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Ահմադ Քազեմին «Բե վաղթ է Իրան» հաղորդման ընթացքում, անդրադառնալով հնարավոր նոր պատերազմի դեպքում Կովկասում Իրանի կողմից տնտեսական թիրախների ընտրությանը, տարածաշրջանն անվանել է «Հորմուզի երկրորդ նեղուց»։ Ինչպես հայտնում է Region Monitor-ը, Քազեմիի խոսքով՝ Կասպից ծովի ավազանն ու Կովկասը, հատկապես՝ Ադրբեջանը, իրենց աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նշանակությամբ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման կարևոր այլընտրանքային հանգույցներ են, և տարածաշրջանով անցնում են նավթի և գազի մատակարարման առանցքային ուղիները։
Իրանցի փորձագետը հիշատակել է, որ Բաքուն Իսրայելի նավթի հիմնական մատակարարն է, և հաջորդիվ մանրամասն անդրադարձել տարբեր ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններին։ Խոսելով տարբեր տարիներին Իրանի դեմ Թել Ավիվի գործողություններում Ադրբեջանի դերակատարության մասին՝ նա նշել է, որ Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ։ Քազեմիի գնահատմամբ՝ Ադրբեջանը Իսրայելի և ԱՄՆ-ի հետ համագործակցության հարցում տարածաշրջանում առաջատար դեր է ստանձնել։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում առաջինն է միացել Իրանի դեմ ավիացիոն պատժամիջոցներին։
Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցության համատեքստում Քազեմին նշել է, որ Բաքուն շարունակում է իսրայելական սպառազինության ձեռքբերումները։ Նրա խոսքով՝ այդ զինատեսակների ծավալը հարց է առաջացնում դրանց հնարավոր կիրառման վերաբերյալ։ «Իսրայելն Ադրբեջանին դիտարկում է որպես տարածաշրջանային զինանոց»,- հավելել է նա:
Քազեմին նաև նշել է, որ Իրանի դեմ վերջին երկու պատերազմների ընթացքում Ադրբեջանի տարածքից իսրայելական անօդաչու թռչող սարքեր և կործանիչներ են մուտք գործել Իրանի տարածք։ Նրա խոսքով՝ այդ մասին վկայություններ են պատմել նաև երկրի հյուսիսարևմտյան շրջանների բնակիչները։
Հաղորդման ընթացքում իրանցի փորձագետը նաև անդրադարձել է Ադրբեջանի ինքնության և ազգային քաղաքականության հարցերին։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանում իրականացվում է երկրի «բնիկ և պատմական ինքնության աստիճանական ջնջման և թուրքացման» քաղաքականություն, որը, նրա գնահատմամբ, համապատասխանում է «Անգլիայի, Իսրայելի, պանթուրքիստական և ՆԱՏՕ-ի շահերին և ուղղված է Ադրբեջանի՝ իրանական միջավայրի հետ պատմական կապերի խզմանը»։







