Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Թեհրան՝ տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկելու համար։ Այս մասին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին, հաղորդում է Իրանի «IRNA» պետական գործակալությունը։
Բաղերիի խոսքով՝ անցած շաբաթ Պակիստանի բանակի հրամանատար, գեներալ Ասիմ Մունիրը հանդիպման ժամանակ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին տեղեկացրել է երեք երկրների ներկայացուցիչների՝ Թեհրան այցելելու որոշման մասին։
Հանդիպմանը կմասնակցեն Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանը, Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։
Իրանցի պաշտոնյայի փոխանցմամբ՝ համատեղ հանդիպման նպատակը տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելն է։ Այցի ժամկետների վերաբերյալ հաղորդագրությունում մանրամասներ չեն նշվում։







