Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նախարար Մնացականյանն անդրադարձ է կատարել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով լարված իրադրության շուրջ վերջին զարգացումներին:
Նախարար Մնացականյանը կարևորել է լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի վերականգման ու ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունների կատարումը: Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնային քայլ ընդգծել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից և պատերազմի սպառնալիքից հրաժարումը:
Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով հեռախոսազրույցի ձևաչափին, առանձնահատուկ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոխարինելի դերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
Նախարար Մնացականյանը նաև բարձր է գնահատել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության ձևաչափին, ինչպես նաև վերջինիս այն դիտարկումը, որ տարածաշրջանային երկրները պետք է ձեռնպահ մնան իրադրության ապակայունացմանն ուղղված գործողություններից: