Օգոստոսի 6-ին Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում բողոքող ցույցի մասնակիցների դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ է արձակել: Ագրեսիվ ցուցարարների խմբերը փորձել են ճեղքել պահպանաջոկատը և ներխուժել խորհրդարանական պալատ Փլյաս Էթուալ հրապարակում: Բռնկված բախումների ընթացքում երկու կողմից վիրավորներ կան, որոնց տանում են շտապօգնության ավտոմեքենաներով:
Ցուցարարները հարձակվել են իրավապահ մարմինների շարքերի վրա հարևան Պլյաս դե Մարթիր հրապարակում` An Nahar թերթի և քաղաքապետարանի մոտակայքում: Ընդ որում, նրանք ոստիկանների ուղղությամբ քարեր և մոլոտովյան կոկտեյլներ էին նետում: Ցուցարարներն առաջին անգամ Բեյրութի փողոցներ էին դուրս եկել օգոստոսի 4-ին ծովային նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո, որը ողբերգական հետևանքների էր հանգեցրել: Վերջին տվյալներով` պայթյունի ալիքը ոչնչացրել և վնասել է հարյուրավոր կառույցներ և բնակելի շենքեր, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթևան:
Զոհվել է 145 մարդ, վիրավորվել է մոտ 5 հազար մարդ, տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում: Ըստ Daily Star թերթի` ակտիվիստիներին, որոնք պահանջում են Հասան Դիաբի կառավարության հրաժարականը, ոգևորել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Բեյրութ: Երբ Ֆրանսիայի առաջնորդն այցելեց Ջումեյզե պատմական թաղամաս, որտեղ բազմաթիվ ավերված տներ կան, նրան դիմավորեց ցուցարարների բազմությունը: Նրանք ողջունում էին Մակրոնին` վանկարկելով «Կեցցե Ֆրանսիա» կարգախոսը: Շփվելով ակտիվիստների հետ` Մակրոնը խոստացել էր, որ Լիբանանը միայնակ չի մնա պատահած ողբերգությունից հետո:
Անդրադառնալով երկրում ընթացող ճգնաժամին և կառավարության և ընդդիմության միջև սուր դիմակայությանը` Ֆրանսիայի նախագահն ասել էր, որ նա «կառաջարկի Լիբանանի ղեկավարներին ճշմարտացի երկխոսության մեջ մտնել և նոր քաղաքական գործարք կնքել»:
Նա նշել էր, որ արաբական երկրին այժմ բարեփոխումներ և ազգային համաձայնություն է անհրաժեշտ` շեշտելով, որ միջազգային օգնությունը «չի հայտնվի կոռումպացված պաշտոնյաների ձեռքում, այլ կփոխանցվի քաղաքացիական հասարակություններին»: