Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին ներկայացրել է այն 5 կետերը, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում Երևանում:
Էսլամին նշել է, որ քննարկվում է Պարսից ծոցից Սև ծով միջանցքի գործարկման հարցը: Հաջորդը հարցը, ըստ նախարարի, Թավրիզ-Ջոլֆա, Երևան-Թբիլիսի երկաթուղիների գործարկումն է:
«Որոշվել է՝ ՌԴ մասնակցությամբ բազմակողմ բանակցությունների միջոցով այդ ուղիները գործարկենք, և այդ երկաթգիծը կարողանա շահագործվել որպես Հյուսիս-Հարավի երկաթուղային միջանցք»,-ասել է նա:
Քննարկման մյուս թեմաները երկկողմ համատեղ նախագծերին, ՀՀ ենթակառուցվածքային նախագծերին իրանական ընկերությունների մասնակցության, լոգիստիկ հնարավորությունների ընդլայնման հարցերն են:
Էսլամին նշել է, որ քննարկվում է նաև ճանապարհային հարկերի նվազեցման հարցը:
«Հարկերը պետք է այնպես սահմանվեն, որ գրավչություն ստեղծեն, և իրանական ընկերությունները Հայաստանի ուղին ընտրեն: Այս առնչությամբ որոշվել է, որ օրենքը, որը Հայաստանում հաստատման փուլում է, այնպես կարգավորվի, որպեսզի իրանական ընկերությունները նվազագույն ծախս ունենան և Հայաստանի ճանապարհը նախընտրեն»-ընդգծել է նախարարը: