Թուրքիայի հայտնի հանցավոր հեղինակություններից մեկը՝ Սեդաթ Փեքերը, որը թաքնվում է արտասահմանում YouTube վիդեոպորտալում տեղադրած իր մի շարք տեսանյութերով վերջերս ցնցել է ողջ Թուրքիան` դառնալով Էրդողանի ռեժիմի գլխացավանքը։
Նա թուրք հայտնի պետական գործիչներին (նախկին ու ներկա) մեղադրում է հանցագործություններ, սպանություններ, բռնաբարություներ, կոռուպցիոն գործարքներ կատարելու և թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ:
Ermenihaber.am-ը այդ թեմայի շուրջ զրուցել է ծագումով հայ շվեյցարաբնակ ֆոտոլրագրող, մարդու իրավունքների պաշտպան Դեմիր Սյոնմեզի հետ:
– Ո՞վ է Սեդաթ Փեքերը: Ի՞նչ հայացքներ ունի նա:
– Քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերին ճիշտ բնութագրելու համար նախ պիտի տեսնել, թե ովքեր են իր գաղափարական հայրերը և ինչ ընդհանրություններ նրանք ունեն: Դրանք են. Աբդուլլահ Չաթլըն, Մուհսին Յազըջըօղլուն, Ալաաթթին Չաքըջըն, Օրալ Չելիքը, Մեհմեթ Շեները, Մեհմեթ Ալի Աղջան, Հալուք Քըրջըն, Հրանտ Դինքին սպանողները՝ Յասին Հայալը, Օգյուն Սամասթը, Էրհան Թունջելը և արյունարբու ֆաշիստ Օնուր Գենջերը, ով 2021թ. հունիսի 17-ին, հարձակվելով Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) Իզմիրի նահանգային կառույցի վրա, սպանեց Դենիզ Փոյրազին:
Այս ցանկը դեռ հնարավոր է համալրել տասնյակներով և նույնիսկ հարյուրներով: Բոլորի որջը Թուրքիայում աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցությունն (ԱՇԿ-MHP) է և այդ կուսակցության հովանավորության տակ գտնվող «Գաղափարապաշտների օջախները»: Բոլորն իրենց ազգայնական, պանթյուրքիստ և թուրանիստ են համարում, ինչպես և Սեդաթ Փեքերը: Նրանք ասում են. «Մենք Բաշբուղի զավակներն ենք, այս հայրենիքի ֆիդայիները, խենթերը: Մենք ստեղծելու ենք թուրք-իսլամական միություն»:
Սեդաթ Փեքերը հանցավոր կազմակերպություններից միայն մեկի պարագլուխն է, որին օգտագործում են Թուրքիայի կեղտոտ ու մութ օպերացիաներում: Թուրքիան վերածվել է հանցավոր կազմակերպությունների «դրախտի»: Հանցավոր կազմակերպությունների ձեռքն են անցել բոլոր փողոցները, թաղամասերը, նահանգները, գյուղաքաղաքները և շրջանները: Այս հանցավոր կազմակերպությունները իրենց գործունեությունը ծավալում են պետության գիտության և վերահսկողության ներքո:
Այս կառույցները, որոնք դարձել են պետության պահեստային ուժերը, միևնույն ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցությունների գլխավորած իշխանության համար վերածվել են քաղաքացիական ռազմական ուժերի և մի ներուժի, որն ընտրություններին քվե է ապահովում: Սեդաթ Փեքերը ընտրությունների շրջանում «Ժողովուրդ» (Ջումհուր-Cumhur) դաշինքին աջակցելու նպատակով հանրահավաքներ էր կազմակերպել և սպառնացել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին: 2016թ. հունվարին Փեքերը 1128 մտավորականի նախաձեռնությամբ հիմնված «Գիտնականներ՝ խաղաղության համար» խմբի անդամներին հետևյալ խոսքերով էր սպառնացել. «Ձեզ արյունաքամ ենք անելու և ձեր հոսող արյունով ցնցուղ ենք ընդունելու»:
– Քրեական հեղինակություն Փեքերի բացահայտումները ցնցել են ողջ Թուրքիան: Ինչո՞ւ հենց հիմա Փեքերը դիմեց նման քայլի:
– Հարցին պատասխանելու համար, թե ինչու հենց հիմա, հարկ է նկատել, որ կազմակերպված հանցավոր կազմակերպությունները սովորական հանցավոր խունտաներից վերածվել են գրեթե պետականացված մաֆիայի: Այդ մաֆիան հանցագործություններ է կատարում պետության հարատևության համար։ Արտերկրում (Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Իրաքում) մասնակցել և մասնակցում է ռազմական գործողությունների, քաղաքական, տնտեսական գործունեություններ է ծավալում թյուրքական հանրապետություններում, Թուրքիայի ներսում միլիարդավոր դոլարների չափով ապօրինի գործունեությամբ է զբաղվում և ամենակարևորը. վերահսկում է թմրանյութերի վաճառքը, որը երկրի տաք փողերի աղբյուրն է: Այս ամենը մանրակրկտորեն նշվում է Սեդաթ Փեքերի արած հայտարարություններում:
Այստեղից է սկսվում իրական խնդիրը: Խնդիրը ռենտայի և ուժի բաժանումն է: Դա ռենտայի բաժանման պատերազմ է թուրքական պետության մաֆիոզ ուժերի և այս ֆաշիստական մութ ուժերի միջև, որոնք պետության հարատևման համար ասում են՝ «Մենք այս հայրենիքի ֆիդայիներն ենք»:
Միլիարդավոր դոլարներով ռենտայի բաժանումն իրականացնում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և վերջինիս հետ դաշինք կազմած «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) բոլոր տարրերը, օրենսդիր, գործադիր, դատական մարմինները, արդարադատության, բանակային, ոստիկանական ուժերը, մամուլը և այդ ամենը գլխավորող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այդ ռենտայի բաժանման կռվում կարմիր գծերը հատած Սեդաթ Փեքերը, որին պետական մաֆիոզ ուժերը ցանկացան ոչնչացնել, իր բացահայտումներով պատերազմ է հայտարարել իր նախկին հանցակիցներին: Փեքերը նախագիծ չէ, այլ թուրքական պետության հայելին է : Իր հայտարարություններից մեկում նա ասում է. «Մենք մի ընտանիք ենք, բոլորս մեղավոր ենք»: Իր գործած հանցանքները խոստովանելիս՝ ասում է, որ այդ գործերը բոլորը միասին են արել և միայն ինքը չէ մեղավոր:
Նորմալ ժողովրդավարական երկրում Սեդաթ Փեքերի հայտարարությունները և փաստարկները/պնդումները աղմկահարույց արձագանք կունենային, կառավարությունն անմիջապես հրաժարական կտար, պատասխանատուների դեմ քրեական գործեր կհարուցվեին:
Նրա հայտարարությունները խոստովանություն են այն մասին, թե ինչու չի լուծվել գործազրկության, աղքատության, ժողովրդավարացման, մարդու իրավունքների, ավազակախմբերի, կոռուպցիայի, խոսքի ազատության և քրդական հարցը, ինչպես նաև բացահայտում՝ մաֆիոզ պետության և պետականացված մաֆիայի վերաբերյալ:
– Փեքերին Թուրքիայի ներքաղաքական օրակարգ բերելու նախաձեռնությունը արդյո՞ք պատկանում է Թուրքիայի իշխանություններին, թե՞ ուղղորդվում է արտաքին դերակատարների կողմից:
– Չեմ կարծում, թե հնարավոր է, որ շատ ուժեղ լինեն Սեդաթ Փեքերի միջազգային կապերը: Իր ներկայացրած իրադարձությունների մեծ մասն ավելի վաղ հայտնի էին: Այստեղ միջազգային հանրության ուշադրությունը գրավում է այն, որ այդ հայտարարությունները, որոնք գրավում են միջազգային հանրության ուշադրությունը, անում է իշխանամետ, ազգայնական, թուրանիստ մաֆիայի պարագլուխը:
Հարցազրույցի շարունակությունը՝ հետևյալ հղումով.