ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.
«Հանցավոր են ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցները, որոնք ձեռք են բերում պարբերական բնույթ: Այս մասին են վկայում ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող ահազանգերը:
Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող»:
Նշենք, որ ՀՀ ՊՆ հաղորդագրություն էր տարածել՝ համաձայն որի.
«Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»: