Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը սկսելու դեպքում որ թվականի քարտեզները պետք է հիմք հանդիսանան գործընթացը իրականացնելու համար։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետն ընդգծել է, որ նախ պետք է հասկանալ, թե քարտեզ ասելով ինչ նկատի ունենք, որովհետև դիտարկումները ցույց են տալիս, որ քարտեզները վերատպություններ են։
«Տեսեք մենք ասում ենք 1985 թվականի քարտեզ, 1980 թվականի քարտեզ, 1975 թվականի քարտեզ, 1973 թվականի քարտեզ։ Այդ քարտեզները հիմնականում վերատպություններ են, որովհետև, քանի որ թղթային նյութը մաշվում է, ժամանակ առ ժամանակ վերատպվել են։ Կարևոր են իրավական հիմքերը, ի՞նչ իրավական հիմքերի վրա է տեղի ունեցել սահմանազատում և սահմանագծում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև։ Ընդհանրապես Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման ի՞նչ իրավական հիմք կա։ Որովհետև քարտեզի վրա արձանագրվում է իրավական հիմքը»,- նշել է վարչապետը։
Նա նաև ընդգծել է նաև, որ այդ բոլոր վերատպված քարտեզները նույնական չեն։ «Ինչու, որովհետև Խոհրդային Միության ժամանակ եղել է այդպիսի ավանդույթ և ոչ միայն ավանդույթ, որ օրինակ՝ Կոմունիստական կուսակցության ինչ-որ տարեդարձի կապակցությամբ եղբայրական հանրապետությունները իրար տարածքներ են նվիրել։ Ընդ որում, դա արվել է տեղական մակարդակով։ Օրինակ՝ այսինչ շրջանը այսինչ տեղից այսքան հեկտար արոտավայր նվիրում է։ Մեր նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնականում փոխադարձության սկզբունքով է դա տեղի ունեցել։ Եվ հիմա շատ կարևոր է այդ իրավական հիմքերը հասկանալ։ Մենք քարտեզ ասելով նկատի չունենք ուղղակի թղթի վրա գրված գծագիր, մենք նկատի ունենք դրա իրավական հիմնավորումը, որովհետև քարտեզն առանց իրավական հիմնավորման ոչ մի նշանակություն չունի»,- ասել է Փաշինյանը։
Հարցին՝ եթե խոսքը Սովետական Միության մեջ տեղի ունեցած վարչատարածքային նվիրաբերումների մասին է, ի՞նչ իրավական հիմք կարող է լինել, վարչապետը պատասխանել է․ «Պետք է հասկանալ, թե ինչ իրավական հիմքով է դա տեղի ունեցել, և այդ իրավական հիմքերը որքանով են վերաբերելի թեմային։ Բայց ընդհանուր առմամբ մենք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր իրավական հիմքերը այն իրավական հիմքերն են, որոնք 1920-1930 ականներին համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այսինքն, մենք ի վերջո պետք է գնանք դրանց։ Այստեղ կա գործնական խնդիր, որ տեքստում նշված պայմաավորվածություններն արտացոլվեն քատեզների վրա, սա է աշխատանքը, որ պիտի արվի»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադարձել է նաև «3+3» ձևաչափին։
«Հայաստանը երկու օր առաջ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով դիրքորոշում հայտնել է այդ հարցի առնչությամբ։ «3+3» հնարավոր ձևաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով։ Մասնավորապես, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցը, ԼՂ խնդրի կարգավորման հարցը և այդպես շարունակ։ Եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, ասենք, օրինակ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, ապա մենք կարող ենք հետաքրքրված լինել։ Եթե կա համաձայնեցված ձևաչափ, ապա այդ ձևաչափերի օրակարգերը մյուս ֆորմատներում չպետք է քննարկվեն։ Կարող է պարզվել 3+3-ը միակ առաջարկը չէ, որ մեզ հետաքրքում է։ Այս դիրքորոշումը մենք արտահայտել ենք ու արտահայտում ենք»,- հավելել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանի նախագահը, հատկապես վերջին շրջանում, տարբեր միջազգային ամբիոններից խոսում է այն մասին, թե ինքը խաղաղության առաջարկություն է արել Հայաստանին, սակայն Հայաստանը չի պատասխանել, նշել է, որ խաղաղության առաջարկն Ադրբեջանի մենաշնորհը չէ, մենք ինքներս ենք մի քանի անգամ խաղաղության առաջարկ արել, ու շատ տարօրինակ են այն հայտարարությունները, թե ՀԱյաստանը չի արձագանքել։
«Հայաստանն արձագանքել է այդ հայտարարություններին, Հայաստանն ասել է, որ պատրաստ է։ Մենք նաև ընդգծել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային ձևաչափի նպատակը հենց խաղաղության համաձայնագրի հասնելն է։ Եվ մենք ասել ենք, որ այո, պատրաստ ենք այդ քննարկումներին և պատկերացնում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կատարվող աշխատանքի արդյունքներով, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներառմամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ճշտող հարցին՝ պայմանագրի կնքումը մենք պատկերացնում ենք Մինսկի խմբո՞ւմ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Պայմանագիրը պետք է կնքեն Հայաստանը և Ադրբեջանը, բայց բանակցային գործընթացքը մենք պտկերացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»։
Անդրադառնալով հարցին՝ նոյեմբերի 9-ին որևէ հանդիպում կա՞, եթե կա, ինչպիսի՞ն է օրակարգը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Ես կարող եմ ասել, որ այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա»։