Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Թահնուն բըն Զայեդ ալ-Նահյանը դեկտեմբերի 6-ին Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ: Այս մակարդակով հանդիպումը 2016թվականից ի վեր առաջինն էր:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ուղիները և տարածաշրջանային զարգացումները:
Շամխանին հույս է հայտնել, որ Զայեդի այցը երկկողմ հարաբերությունների զարգացման համար նոր էջ կբացի:
«Տարածաշրջանում առկա որոշ ռազմական և անվտանգային ճգնաժամերի լուծման համար համատեղ ջանքեր են անհրաժեշտ, իսկ երկխոսությունը պետք է փոխարինի խնդիրների լուծման ռազմական տարբերակին»,- ասել է իրանցի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Իրանի և ԱՄԷ-ի միջև համագործակցության զարգացումը երաշխավորելու է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը՝ հավելելով, որ հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը և տնտեսական ու առևտրային կարողությունների փոխանակումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են:
Զայեդը հանդիպման ընթացքում նույնպես հայտնել է, որ Իրանի հետ բնականոն հարաբերությունների պահպանումը պաշտոնական Աբու Դաբիի գլխավոր առաջնահերթություններից է: Ըստ նրա՝ երկու երկրները իրենց տնտեսական հնարավորությունները և փորձը կարող են փոխանակել տարբեր ոլորտներում՝ այդ թվում Էներգիայի, ներդրումների, առողջապահության և այլն:








