Իսրայելը վերջին 12 ամիսների ընթացքում 4 անգամ իր ռազմական աջակցությունն է առաջարկել Լիբանանին: Ընդ որում՝ վերջին անգամ առաջարկել է նախորդ շաբաթ UNIFIL-ի (Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր) հրամանատարի միջոցով: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը՝ Թել Ավիվի՝ ազգային անվտանգության հարցերով ուսումնասիրությունների ինստիտուտի իրականացրած կոնֆերանսի ժամանակ:
«Լիբանանը վերածվել է անկայուն պետության»,- ասել է Գանցը՝ ավելացնելով, որ Իսրայելի առաջարկը նպատակ ունի օգնել «լիբանանյան բանակին՝ հակազդելու Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահին»:
Ուշագրավ է, որ Բեննի Գանցի այս հայտարարությունը զայրույթ է առաջացրել իսրայելական քաղաքական շրջանակներում: Մասնավորապես իսրայելական «Channel 12» լրատվական գործակալությունը գրել է, որ իսրայելական քաղաքական կուսակցությունները բողոքի ձայն են բարձրացրել պաշտպանության նախարարի այս հայտարարությունների կապակցությամբ՝ դրանք որակելով «չհամակարգված և զարմանալի»՝ հաշվի առնելով լիբանանյան բանակի հարաբերությունները «Հեզբոլլահի» հետ: