Իսրայելի ՊՆ ղեկավարն Օսթինին առաջարկել է հակաիրանական կոալիցիա ձևավորել ընդդեմ Թեհրանի միջուկային ծրագրի

148

Երեկ Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը Վաշինգտոնում հանդիպել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ:

Հանդիպմանը քննարկվել է Իրանի միջուկային տերություն դառնալու սպառնալիքը և նրա տարածաշրջանային ազդեցությունը:

«Պետք է գործողություններ ձեռնարկվեն ընդդեմ Իրանի ագրեսիայի տարբեր եղանակներով՝ այդ թվում տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիա ստեղծելով»,- հայտարարել է Գանցը:

Հանդիպման ընթացքում Իսրայելի ՊՆ ղեկավարը  Օսթինին հայտնել է, որ հնարավորություն կա «տարածաշրջանում էական փոփոխություն» իրականացնել՝ ուժեղացնելով ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող երկրների տարածաշրջանային կոալիցիան և Իրանի դեմ Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ համագործակցելով:

Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին:

Այս համատեքստում Գանցը հիշեցրել է, որ ավելի վաղ Իսրայելը մարդասիրական աջակցություն էր ուղարկել Ուկրաինային: Իսկ օրեր առաջ ոչ հարձակվողական սարքավորումներ են ուղարկվել Ուկրաինա:

Իր հերթին Լլոյդ Օսթինը վերահաստատել է «Միացյալ Նահանգների հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը և ռազմական որակական առավելությունը պահպանելուն»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը մեկնել էր ԱՄՆ: Նա հանդիպել էր նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: