Թուրքիայի զինված ուժերը հրետակոծության են ենթարկել Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևմտյան այն շրջանները, որտեղ համապատասխանաբար տեղակայված են ռուսական ռազմաբազան և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի նախկին ռազմաբազան:
Սիրիական Al-Watan լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրները վկայում են, որ թուրքական զինված ուժերը ծանր հրետանու կիրառմամբ և «Ջաբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության և նրա համակիրների աջակցությամբ թիրախավորել են Իդլիբի հարավային գյուղերը:
Մյուս կողմից ընդդիմադիր լրատվամիջոցների աղբյուրները հաղորդել են, որ Թուրքիայի ԶՈՒ-ին պատկանող անօդաչու թռչող սարքի թիրախ է դարձել Թալ Ռիֆաթ քաղաքի բժշկական պոլիկլինիկան Հալեպի հյուսիսային շրջանում, որտեղ տեղակայված է նաև ռուսական ռազմաբազան: Պատճառվել է միայն նյութական վնաս, մարդկային կորուստներ չկան:
Իր հերթին սիրիական պետական SANA լրատվամիջոցը տեղեկացրել է, որ «թուրքական օկուպացիոն ուժերը և նրան աջակցող ահաբեկչական խմբավորումները, որոնք տեղակայված են Ռաքքայի հյուսիսային գյուղերում, ծանր հրետանիով հրետակոծել են միջազգային ավտոմայրուղու (M4) վրա գտնվող Աբու Նիթունա և Ալ-Թարվազիա գյուղերի բնակելի թաղամասերը, ֆրանսիական «Lafarge» գործարանի և Այն Իսա շրջանի շրջակայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում ռազմական նոր գործողություն է անցկացվելու:
«Մենք անցնում ենք մեր ծրագրի նոր փուլին` մեր հարավային սահմանների երկայնքով ստեղծելով անվտանգության գոտի՝ 30 կիլոմետր խորությամբ: Թալ Ռիֆաթն ու Մանբիջը մաքրելու ենք ահաբեկիչներից: Հետո նույնը կանենք մյուս մարզերում փուլ առ փուլ»,- հայտարարել է Էրդողանը: