ՀՀ վարչապետի պատասխանը Region Monitor-ին. «Առկա է Կատարի հետ բազմաթիվ ոլորտներում համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն»

150

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ բարձր է գնահատել Կատար կատարած այցը՝ նշելով, որ այն եղել է շատ ջերմ և արդյունավետ: Այս մասին վարչապետը հայտնել է՝ պատասխանելով «Region Monitor» լրատվական կայքի հարցին, թե ինչպես է գնահատում Կատար կատարած այցը, և թե ինչ ծրագրեր կան Կատարի օրինակով արաբական այլ երկրների հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի և Կատարի միջև գոյություն ունի մեկ պետություն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը: Վարչապետի դիտարկմամբ՝ կարելի է ասել, որ Կատարը Հայաստանի համար հարևան պետություն է, սակայն այդ փաստը նկատված չէ, ոչ միայն հանրային, քաղաքական, այլև տնտեսական ընկալման իմաստով:

Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանն ու առևտրաշրջանառությանը՝ նշելով.

«Մեր փոխադարձ առևտրաշրջանառությունն այնքան քիչ է, որ նույնիսկ հիշատակման արժանի չէ: Այժմ պետք է հասկանալ, արդյո՞ք հնարավոր է Վրաստան-Հայաստան-Իրան-Կատար-ԱՄԷ առևտրային նոր ճանապարհ ստեղծել, թե ոչ: Եվ հենց այս հարցերն են, որ մենք քննարկել ենք Վրաստանի, Իրանի ու Կատարի մեր գործընկերների հետ: Տեսականորեն, այո՛, հնարավոր է, բայց գործնականում առկա են բազմաթիվ մանրամասներ:

Տեսեք, Հայաստանի ու Ռուսաստանին միջև կա մեկ պետություն՝ Վրաստանը: Հայաստանի ու Կատարի միջև էլ կա մեկ պետություն՝ Իրանը: Մենք այսօր խոսում ենք դեպի Ռուսաստան լաստանավային հաղորդակցություն ստեղծելու մասին, ինչը շատ ճիշտ ու ողջունելի է, սակայն եկեք նաև Կատարի ուղղությամբ նույնպես մտածենք, քանի որ իրանական նավահանգստից դեպի Կատար շատ ավելի կարճ՝ միայն Ծոցի ջրերը հաղթահարելու միջոցով կարող է արտահանում իրականացվել: Այսինքն մեր այցի նպատակը Կատար սա է եղել»:

Վարչապետը հիշեցրել է, որ 2017թ.-ին Կատարը գտնվում էր շրջափակման մեջ և սննդամթերք ներկրելու խնդիր է ունեցել: Այժմ Կատարը ցանկանում է իր սննդի ներկրման ուղիները դիվերսիֆիկացնել:

Վարչապետի խոսքով՝ առկա է բազմաթիվ ոլորտներում համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն: Այցի ընթացքում քաղաքական մակարդակով քննարկվել են նաև այդ հարցերը, սակայն այդ ամենի համար բազմաթիվ աշխատանքներ պետք է իրականացվեն:

Փաշինյանը նշել է, որ Կատարը շատ ջերմ և հեռանկարային երկիր է, որտեղ տպավորիչ էր մարդկանց ջերմությունը և անկեղծությունը, ինչը չափազանց կարևոր է քաղաքական հարաբերությունների հետագա զարգացման համար:

Նա անդրադարձել է նաև Կատարի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ լավ հարաբերություններին. «Մենք այս ամենը կարող ենք դիտել ինչպես նեգատիվ, այնպես էլ պոզիտիվ գործոն. դիրքավորման և ընկալման հարց է: Կատարը երբեք ՀՀ-ի հետ վատ հարաբերություններ չի ունեցել, բայց առանձնահատուկ ջերմ հարաբերություններ ունի և ունեցել է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Չեմ բացառում, որ սա Հայաստանին հետ է պահել, կամ խանգարել: Գուցե այս ամենի մեջ պետք է հնարավորություն տեսնել, այլ ոչ թե խնդրահարույց ինչ-որ բան: Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ մենք մեր մտածողությունը պետք է որոշակիորեն փոխենք»: