«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել պատերազմական հանցագործությունների հատկանիշներով հետաքննություն սկսել հարավային Լիբանանի ուղղությամբ Իսրայելի իրականացրած երեք օդային հարձակումների առնչությամբ, որոնց հետևանքով մարտ ամսին զոհվել է 24 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 12 երեխա: Փոխանցում է «Ալ-Ջազիրան»:
Իսրայելական հարվածները հասցվել են մարտի 6-ին, 12-ին և 13-ին Տյուրոսի, Սայդայի և Նաբաթիայի շրջանների բնակելի տներին: Զոհերի թվում են եղել վեց տղամարդ և վեց կին, որոնցից մեկը՝ հղի: Առնվազն 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Իրավապաշտպան կազմակերպության հայտարարության համաձայն՝ սեփական հետաքննությունը հիմքեր է տվել եզրակացնելու, որ իսրայելական ուժերը խախտել են միջազգային մարդասիրական իրավունքը։ Մասնավորապես, նրանք թիրախավորել են խաղաղ բնակիչներին ու քաղաքացիական գույքը, չեն տարանջատել ռազմական ու քաղաքացիական թիրախները և միջոցներ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար։
«Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Իսրայելի զինուժը Լիբանանում բնաջնջեց ամբողջական ընտանիքներ, այդ թվում՝ մեկ տասնյակ երեխաների՝ ցուցաբերելով անտարբերություն խաղաղ բնակիչների կյանքի հանդեպ: Միջազգային հանրությունը պետք է գործի հենց հիմա. պետությունները պետք է անհապաղ զենքի էմբարգո սահմանեն Իսրայելի դեմ և օգտագործեն համընդհանուր ու արտատարածքային իրավազորությունը՝ պատասխանատուներին բացահայտելու և դատական պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է «Amnesty International»-ի ներկայացուցիչ Քրիստինե Բեկերլեն։
Կազմակերպությունը նաև զգուշացրել է, որ ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված իսրայելա-լիբանանյան վերջին համաձայնագիրը կարող է խոչընդոտել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը։ Այդ համատեքստում «Amnesty International»-ը կոչ է արել Լիբանանի կառավարությանը Միջազգային քրեական դատարանին իրավազորություն շնորհել իր տարածքում կատարված հանցագործությունների քննության համար:







