Միացյալ Նահանգների և Իրանի միջև կտրուկ էսկալացիայից հետո Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է արտահայտվել հակամարտությանը Իսրայելի ներգրավմանը: Վաշինգտոնը մտահոգություն ունի, որ իսրայելական կողմի միջամտությունը կարող է հանգեցնել իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իսրայելական երկու աղբյուրների։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրականում շատ կցանկանար միանալ ամերիկյան հարվածներին, սակայն ԱՄՆ-ն ներկա պահին չի ցանկանում Իսրայելի ներգրավվածությունը»,- նշել է աղբյուրներից մեկը։
Չնայած Վաշինգտոնի դիրքորոշմանը՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է վերսկսել պատերազմն Իրանի դեմ՝ նույնիսկ միայնակ գործելու անհրաժեշտության դեպքում։
«Իսրայելի բանակը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում և պատրաստ է վերսկսել ռազմարշավը, վերականգնել օդային գերակայությունը և Իրանի դեմ իրականացնել իսրայելական անկախ հարվածներ՝ սպառնալիքները վերացնելու համար, նույնիսկ եթե դա արվի արդեն երրորդ անգամ: Եթե ստիպված լինենք վերադառնալ, մենք կվերադառնանք էլ ավելի մեծ ուժով»,- հայտարարել է Կացը:
Այնուամենայնիվ, ըստ աղբյուրների, իսրայելական կողմի գերակշռող գնահատականն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում վերադառնալ լայնամասշտաբ պատերազմի: Ըստ այդ վերլուծությունների՝ առավելագույնը, ինչին ներկա փուլում պատրաստ է Վաշինգտոնը, իրանական նավահանգիստների նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումն է։








