Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գերագույն հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է դիմակայել Ռուսաստանի հնարավոր հարձակմանը՝ անհրաժեշտության դեպքում նաև առանց ԱՄՆ-ի լայնածավալ ռազմական ներգրավվածության։ Այս մասին նա հայտարարել է Վարշավայի անվտանգության համաժողովում։ Region Monitor-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Politico-ն։
Գրինկևիչը ներկայացրել է հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ի գործողությունների նոր հայեցակարգը: Նրա խոսքով՝ դաշինքը սկզբում կօգտագործի ցամաքային ուժեր՝ օդային, ծովային, կիբեր և տիեզերական կարողությունների աջակցությամբ։
Հաջորդ փուլում ՆԱՏՕ-ն նախատեսում է օգտագործել հետախուզական համակարգեր՝ հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը կասեցնելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում՝ «ճշգրիտ հարվածների» և անօդաչու սարքերի միջոցով ոչնչացնել նրա հարձակողական համակարգերը և դրան աջակցող ենթակառուցվածքները։
Միաժամանակ Գրինկևիչը նշել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմի հավանականությունը չի գնահատում որպես մոտալուտ կամ անխուսափելի։ Նրա խոսքով՝ դաշինքը, սակայն, պետք է ապահովի, որ իր անդամներից որևէ մեկի դեմ ցանկացած հարձակում ձախողվի։
Գեներալը նաև ընդգծել է, որ ծրագիրը նախատեսում է այն սցենարը, երբ ԱՄՆ-ը կարող է ռազմական գործողություններ իրականացնել աշխարհի այլ հատվածում։ «Այն բացարձակապես հաշվի է առնում այդ հնարավորությունը, և իրականում պետք է հաշվի առնի», – ասել է նա։
Գրինկևիչը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել հնարավոր միջուկային սրմանը։ Նրա խոսքով՝ եթե հակառակորդը փորձի սրել իրավիճակը կամ սպառնա միջուկային զենքի կիրառմամբ, դա չի պառակտի դաշինքը։
Նշենք, որ Եվրոպական մի շարք պետություններ Մոսկվային մեղադրում են անօդաչու թռչող սարքերով ներխուժումների, դիվերսիաների և կիբերհարձակումների միջոցով հիբրիդային գործողություններ իրականացնելու մեջ։







