Ադրբեջանի պետական Միջազգային բանկի (IBAR) նախկին ղեկավարի կինը՝ Զամիրա Հաջիևան չի կարողացել լոնդոնյան դատարանում հիմնավորել Լոնդոնում էլիտար անշարժ գույք ձեռք բերելու համար ծախսված գումարների ծագումը։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարող են բռնագրավել այդ գույքը։
Փետրվարի 5-ին Լոնդոնի բարձրագույն դատարանը մերժել է նշված գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ ստորին ատյանի կայացրած որոշման դեմ Հաջիևայի ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Այսպիսով, Լոնդոնից ոչ հեռու գտնվող գոլֆ-ակումբի և Լոնդոնի կենտրոնում գտնվող առանձնատան վրա կալանք դնելու որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։
Եթե Հաջիևան յոթնօրյա ժամկետում չկարողանա բացատրել անշարժ գույքի ձեռքբերման համար ծախսված գումարների ծագումը, ապա մեծ Բրիտանիայի հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) կխնդրի դատարանին բռնագրավել գույքը, իսկ հետո կվաճառի այն։ Վաճառքից գոյացած ֆինանսական միջոցները կհամալրեն Մեծ Բրիտանիայի պետական գանձարանը։
Եթե Հաջիևան հիմնավորում ներկայացնի, ապա NCA-ն 60 օրվա ընթացքում կուսումնասիրի վերջինիս դրամական հաշիվները, որից հետո քննիչները որոշում կկայացնեն՝ ընդունել այդ հիմնավորումներն ու փակել գործը, թե՞ մերժել դրանք և շարունակել բռնագրավման գործընթացը։
Ուշագրավ է, որ Հաջիևան առաջին արտասահմանցին է, ում դեմ 2018թ․ Լոնդոնում հետաքննություն է սկսվել՝ պարզելու համար նրա կողմից ծախսված առանձնապես խոշոր չափերի գումարների ծագումը։ Այն հարուցվել է նույն թվականին Մեծ Բրիտանիայում գործարկված և անօրինական գումարների շրջանառությունը կասեցնելուն ուղղված ծրագրի շրջանակներում։ Վերջինիս համաձայն՝ 50․000 ֆունտ և ավելի արժողությամբ ֆինանսական միջոցներ ունեցող անձինք պարտավոր են հիմնավորել, որ այդ գումարները ձեռք են բերվել արդար աշխատանքի շնորհիվ։
Ադրբեջանական բանկի նախկին կառավարչի կինը, ով սեփական նշանակալի եկամտի աղբյուրներ չունի, գրավել է բրիտանական իշխանությունների ուշադրությունը։ Նրա ամուսինը Ադրբեջանում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել խոշոր միջոցներ յուրացնելու և ֆինանսական մեքենայությունների համար և արդեն երեք տարի է՝ գտնվում է բանտում։ Խաջիևան փորձել է դատարանում ապացուցել, որ իր ամուսինը հարուստ է եղել, բայց նրա ներկայացրած փաստաթուղթը ոչ միայն չի համոզել դատարանին, այլև ավելի շատ հարցեր ու կասկածներ է հարուցել ֆինանսական միջոցների ծագման վերաբերյալ։