Իրանա-ադրբեջանական սահմանին երկու երկրները վերջին շրջանում հաճախ են զորավարժություններ իրականացնում: Սա հերթական ապացույցն է այն բանի, որ դիվանագիտական ճակատում առկա լարվածությունը կողմերը ցուցադրում են նաև ռազմական մանևրների հարթությունում:
44-օրյա պատերազմից հետո իրանական կողմի անցկացրած զորավարժությունները մեծ դժգոհությամբ են ընդունվում Բաքվի իշխանությունների կողմից: Ադրբեջանի ղեկավարը ելույթներում հաճախ է շեշտում, որ Իրանն այդ զորավարժությունները չէր անցկացնում «օկուպացիայի» տարիներին, այլ հիմա է սկսել, երբ դրանք «ազատագրվել են»: Իրանի ղեկավարությունն էլ տարբեր մակարդակներով մշտապես նշում է, որ իրենց զորավարժություններն ուղերձ են «սիոնիստական ռեժիմին» և իրականացվում են տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար:
2022թ. նոյեմբերի 25-ին Բաքվի դիվանագիտական ակադեմիայում տեղի ունեցած «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» թեմայով համաժողովին Ալիևը հայտարարել է․ «Ես աշխատել եմ Իրանի նախկին երեք նախագահների՝ Խաթամիի, Ահմադինեժադի և Ռոհանիի հետ: Այսքան տարի նման իրավիճակ երբեք չի ստեղծվել: Իրանը մի քանի ամսում մեր սահմանների մոտ երբեք երկու զորավարժություն չի անցկացրել: Նախկինում երբեք այսքան ատելությամբ և սպառնալիքներով լի հայտարարություններ՝ Ադրբեջանի հասցեին ուղղված, չեն արվել»։ Այնուհետև, շարունակելով նշել է, թե իրենք ևս պարտավոր էին զորավարժություններ անցկացնել՝ ցույց տալու համար, որ չեն վախենում և ամեն ինչ անում են, որպեսզի պաշտպանեն իրենց կենսակերպը, Ադրբեջանի և ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ վեկտորը, այդ թվում պաշտպանեն Իրանում ապրող ադրբեջանցիներին: Այնուհետև ավելացրել, որ Իրանում հայերենով դասընթացներ անցկացնող դպրոցներ կան, սակայն ադրբեջաներենով չկան։
«Ինչպե՞ս կարող է սա լինել։ Եթե ինչ-որ մեկն ասում է, որ դա միջամտություն է ներքին գործերին, ապա մենք բացարձակապես հերքում ենք նման հայտարարությունները։ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը բյուրեղի պես պարզ է։ Մենք երբեք չենք միջամտել և չենք միջամտում որևէ պետության ներքին գործերին։ Մենք բարձրացնում ենք իրանական դպրոցներում ադրբեջաներենի ուսուցման հարցը, քանի որ հակառակ դեպքում Իրանի ադրբեջանցիները կորցնում են լեզվի գրական բաղադրիչը, ադրբեջաներենը մնում է միայն կենցաղային մակարդակում»,-ասել է Ալիևը։
Ադրբեջանի կողմից Թուրքիայի հետ համատեղ վերջին զորավարժությունը սկսվել էր անցած տարի դեկտեմբերի 5-ին Աստարա, Իմիշլի, Ջաբրայիլ (Ջրական) ուղղություններով։ Ադրբեջանական մամուլն այդ օրերին գրում էր, որ սա բացահայտ ուղերձ է Իրանին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Մյուս կողմից Իրանի համար լուրջ խնդիր է այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցք» թուրք-ադրբեջանական նախագիծը: Իրանը բազմիցս հայտարարել է, որ որևէ տեսակի սահմանային փոփոխություն տարածաշրջանում չի հանդուրժի, և դա Իրանի համար կարմիր գիծ է: Միջանցքի համատեքստում պետք է հաշվի առնել նաև Թուրքիայի գործոնը: Ըստ էության, «Զանգեզուրի միջանցք» նախագիծը դիտարկվում է ոչ միայն որպես Ադրբեջան-Նախիջևան կապն ապահովելու նպատակով ճանապարհի, այլև պանթուրանական համատեքստում, որի առանցքային շահառուն գուցե Թուրքիան է՝ մերձկասպյան տարածաշրջանում սեփական ներկայությունն ապահովելու և ամրապնդելու տեսանկյունից:
Ադրբեջանի հակաիրանական քաղաքականությունը լայնորեն դրսևորվում է նաև պաշտոնական հռետորաբանության և քաղաքական-քարոզչական ուղերձների տիրույթում։ Այսպես, 2022թ. նոյեմբերի 7-ին օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) շրջան կատարած այցի ընթացքում Ալիևը տեղի զորամասերից մեկում ծաղիկներ է դնում սպանված զինծառայողներին նվիրված հուշակոթողի առաջ, ծառ տնկում: Հետաքրքրական է, որ արված լուսանկարներում զորամասի պատին պատկերված էր մի քարտեզ, որում բացակայում էր հայ-իրանական սահմանը. այն նշված էր իբրև ադրբեջանական տարածք:
2021թ. դեկտեմբերի 2-ին «Ապշերոնի ազգային պարկում» անցկացվել էր «Համահանրապետական կանաչապատման մարաթոնի» («Կանաչ մարաթոն») հերթական ծառատունկը, որին մասնակցել էր նաև Ի․ Ալիևի դուստր Լեյլա Ալիևան: Միջոցառմանն արված լուսանկարներում երևում են, թե ինչ քարտեզով են պատկերում իրենց պետությունն ադրբեջանցի երիտասարդները: Քարտեզներում ոչ միայն ամբողջական չէ Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս կազմող Սյունիքի մարզը, այլև հայ-իրանական 42 կմ. ձգվող սահմանը գրեթե չի երևում: Անցյալ տարվա վերջին՝ դեկտեմբերի 29-ին, հերթական ծառատունկն անցկացվել է Մյուշֆիգաբադ ավանում: Մասնակիցները կրկին լուսանկարվել են քարտեզով: Ուշագրավ է, որ ամենամյա այս միջոցառմանը միշտ ցուցադրվում է նույն քարտեզը:
Իրանի՝ Ադրբեջանին թուլացնելուն ուղղված քայլերից մեկն էլ Հայաստանի հետ հարաբերությունների խորացումն է։ Որպես օրինակ կարելի է նշել պաշտոնական Թեհրանի հռետորաբանությունը, ինչպես նաև Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը 2022թ. հոկտեմբեր ամսին, որի վերաբերյալ որոշումը կայացվել էր դեռևս 2021թ. դեկտեմբերին։ Հնարավոր է, որ նաև նշված քայլին իբրև պատասխան՝ Էրդողանը նույն օրերին հայտարարեց օկուպացված Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելու մասին, որն իր մեջ, բնականաբար, մի շարք ուղերձներ է պարունակում՝ ուղղված ոչ միայն Իրանին և Հայաստանին։
Փոխադարձ հակաքայլերի համատեքստում էր նաև հայկական կողմի հայտարարությունը՝ Թավրիզում հյուպատոսություն բացելու ցանկության մասին։
2022թ.-ն Իրանը եզրափակեց դեկտեմբերի 29-ին սկսված «Զուլֆաղար 1401» զորավարժության անցկացմամբ, որն ընդգրկեց Հորմուզի նեղուցից մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիսային ափերը։ Հերթական անգամ Իրանը խոսեց սիոնիստական ռեժիմի ու Իսրայելի՝ Իրանի համար ազգային սպառնալիք լինելու մասին և զորավարժության ընթացքում իրանցի բարձրաստիճան զինվորականներից մեկը հայտարարեց, թե այն երկրները, որոնք բազա ու հնարավորություններ կտրամադրեն Իսրայելին, կհայտնվեն Իրանի ԶՈՒ-ի թիրախում: Պարզ է, որ այս հայտարարությունն ուղղված էր նաև Ադրբեջանին, որը վերջին շրջանում առավել ակտիվացրել է համակողմանի համագործակցությունը Իսրայելի հետ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ոլորտներում:
Պետք է նշել, որ բացի հակաքայլերից, իրանական քարոզչամեքենան պարբերաբար շրջանառում է նաև Թեհրանի միջնորդական դերակատարման հնարավորությունների վերաբերյալ ուղերձներ։ Մասնավորապես, «Tasnim» լրատվական կայքում անցյալ տարեվերջին հրապարակվել էր Իրանի Կովկասի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ջաֆար Խաշեի հոդվածը, որտեղ նա շեշտել էր, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես խաղաղություն են ցանկանում, ապա պետք է դիմեն Իրանի օգնությանը: «Երբ Անգլիայի և սիոնիստական ռեժիմի նման տխրահռչակ խաղացողները բացահայտ միջամտում և իրենց նպատակներին հասնելու համար տարբեր սցենարներ են իրագործում, ինչպե՞ս կարելի է ընդունել, որ Իրանը, որի շահերն ու անվտանգությունն ուղղակիորեն վտանգված են, պարզապես դիտորդ լինի»,- նշել է Խաշեն: Նա ընդգծել է, որ Իրանն աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, սակայն պատերազմից հետո «Իրանին երախտապարտ լինելու և ազատագրված տարածքներում տնտեսական հնարավորություններ ստեղծելու փոխարեն Ադրբեջանն սպառնալիքներ է ստեղծել Իրանի համար»: Նա առաջ է քաշել նաև այն տեսակետը, որ ռուս խաղաղապահների կողքին այս ճգնաժամից դուրս գալու միակ լուծումը Լաչինում և Հայաստան-Ադրբեջան սահմանի այլ լարված կետերում իրանցի խաղաղապահների տեղակայումն է:
Ադրբեջանի այս հռետորաբանությանն Իրանը բազմիցս պատասխանել է թե՛ բարձրաստիճան պաշտոնյաների, թե՛ փորձագետների մակարդակով՝ նշելով, որ սահմանի փոփոխությունն անթույլատրելի է, իսկ այսօր հայ-իրանական սահմանն առավել, քան երբևէ, Իրանի համար կենսական նշանակություն ունի։ Ադրբեջանի որդեգրած այսպիսի քաղաքականության արդյունքում է, որ հարևան Իրանի իշխանությունները, ինչպես նաև հասարակությունը, ևս հասկանում են, որ Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների պահպանումը, եթե ոչ անհնարին, ապա շատ դժվար է լինելու: Իրանն իր քաղաքականությամբ փորձելու է թուլացնել Ադրբեջանին երկարաժամկետ հեռանկարում՝ օգտագործելով հնարավոր բոլոր ռեսուրսները, որ կան նրա գործիքակազմում:
Հոդվածաշարի առաջին և երկրորդ հատվածներն այստեղ. Մաս 1-ին և Մաս 2-րդ:
Էմկար