Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է այն սպառնալիքը, որ ներկայացնում է Իրանը՝ տարածաշրջանային կայունությանը:
Հանդիպումից հետո իր հրապարակային ելույթում Հերցոգն ասել է, որ Ալիևի հետ մանրամասնորեն խոսել են «համաշխարհային և տարածաշրջանային անվտանգային կառուցվածքի մասին, որը վտանգվում և սպառնալիքների է ենթարկվում Իրանի կողմից»:
Ալիևին իր հերթին բարձր է գնահատել երկու երկրների միջև պաշտպանական համագործակցությունը՝ հավելելով, որ Բաքուն «այս ոլորտում երկար տարիներ է մուտք ունի իսրայելական ժամանակակից տեխնիկային, որն օգնում է արդիականացնել Ադրբեջանի պաշտպանունակությունը և պաշտպանել պետականությունը, արժեքները, ազգային շահերը և տարածքային ամբողջականությունը»։
Ալիևը հույս է հայտնել երկու երկրների միջև առևտուրը այլ ոլորտներում ևս զարգացնել: Նա մատնանշել է կիբերանվտանգությունը, որտեղ երկկողմ համագործակցությունն աճում է։
The times of Israel-հ գրել է, որ Հերցոգն Ալիևին հրավիրել է Իսրայել:
Նշենք, որ երկօրյա այցի ընթացքում Իսրայելի նախագահին ուղեկցում է երկրի առողջապահության և ներքին գործերի նախարար Մոշե Արբելը: Վերջինս Բաքվում հանդիպել է ադրբեջանցի իր գործընկեր Թեյմուր Մուսաևի հետ: Կողմերը քննարկել են բժիշկների վերապատրաստման, թվային առողջության և արտակարգ իրավիճակների պատրաստության շուրջ երկկողմ համագործակցությունը: Նրանք նաև համաձայնագիր են ստորագրել առողջապահության ոլորտում։