Մոսկվան հաշվի է առնում Երևանի դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, սակայն շարունակում է զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք դա ընդունում ենք ի գիտություն»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում, թեև Արևմուտքը այլ կարծիքի է ներկայիս իրավիճակի մասին։
Պեսկովի խոսքով՝ «դա կարևոր հայտարարություն է»։
«Մենք գիտենք, որ Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ, մենք դրանք հաշվի ենք առնում», – հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Միաժամանակ նա ընդգծել է. «Իհարկե, մենք շարունակում ենք զարգացնել մեր հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»։
CNN Prima News-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը հայտնել էր, որ Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ:
«Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա: Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք: Որովհետև, ընդ որում, թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը: Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ մենք խուսանավում ենք քիչ առաջ իմ ասածի պատճառով, որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում», – ասել էր Նիկոլ Փաշինյանը: