Կատարցի ներդրողների համար շատ շահավետ հնարավորություններ կան Հայաստանում՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, անշարժ գույքի ոլորտներում, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսում։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ կատարական անգլալեզու «The Peninsula» թերթի հետ զրույցում:
Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը ներդրողների համար գրավիչ վայր է երկրի տնտեսական քաղաքականության, հարկային քաղաքականության, անվտանգության և այլն գործոնների շնորհիվ։
Հարցազրույցի ընթացքում ՀՀ նախագահը հավելել է, որ իր այցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Կատարի կրթության, հաղորդակցության և ՏՏ նախարարների հետ՝ երկկողմ համագործակցության զարգացման համար:
Անդրադառնալով երկու երկրների միջև առևտրաշրջանառության ներկա մակարդակի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ «Հայաստանը կարող է ընդյալնել առևտրաշրջանառությունը Կատարի հետ՝ Հայաստանում արտադրված գյուղատնտեսական բարձրորակ արտադրանք տրամադրելով»:
Ըստ Խաչատուրյանի՝ հսկայական ներուժ կա նաև Հայաստանից տեքստիլ արդյունաբերության արտադրանքները Կատար ներմուծելու գործում:
«The Peninsula»-ի հետ զրույցում Խաչատուրյանը բարձր է գնահատել Դոհայում կազմակերպված «Կատարի տնտեսական ֆորումը» և շնորհակալություն է հայտնել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանիին՝ հրավերի և ընդունելության համար: Նա հավելել է, որ հաջորդ ֆորումին Հայաստանից ավելի մեծ թվով գործարարներ կմասնակցեն:
«Կատարի օրինակը լավ օրինակ է մեր երկրին սովորելու համար»,- նշել է ՀՀ նախագահը: