Հումանիտար իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է սրվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին կայացված միջանկյալ որոշմանը։
Փաշինյանը հիշեցրեց, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
«Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար։ Դատարանի այս որոշումը չի կատարվում, Լաչինի միջանցքով չեն շարժվում ո՛չ քաղաքացիներ, ո՛չ տրանսպորտային միջոցներ, ո՛չ բեռներ։
Ավելին, արգելվել է նույնիսկ Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը։ Սրանք կարևոր փաստեր են, որոնք իրենք իրենցով հակադարձում են Ադրբեջանի այն փաստարկներին, թե Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ստեղվծած իրավիճակի մասին բարձրաձայնող ուժերը, երկրներընիբր միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին։
Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը և դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է և մենք խնդրին պետք է մոտենանք հենց այս տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը կարևոր է համարում արձանագրել, որ Արդարադատության միջազգային դատարանի այդ որոշումը չկատարելն ու արհամարհելը բերել է հումանիտար ճգնաժամի։
«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զրկված է բնական գազի, էլեկտրական էներգիայի, արտաքին մատակարարումներից, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության տեղական հզորությունները բավականացնում են միայն մասնակի մատակարարումներին։
Դադարեցված են սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտաքին մատակարարումները Լեռնային Ղարաբաղին, դեղորայքի էական դեֆիցիտ է արձանագրված։
Այս պայմաններում նույնիսկ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տրվում։ Ամեն ինչ արվում է հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար։ Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ ահազանգում ենք»,-ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այս իրադրության լուծման իր պատկերացումը հետևյալն է.
«Առաջին՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի և սա միջազգային օրակարգի հարց է, ներառյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը։
Երկրորդ՝ պետք է ի վերջո գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը։
Ինչ վերաբերվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը. մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար»,- եզրափակեց Փաշինյանը։