Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսեց Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում։
Վարչապետը հիշեցրեց, որ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով արգելել էր կոմերցիոն մատակարարումները դեպի Լեռնային Ղարաբաղ։ Սույն թվականի հունիսի 15-ից Ադրբեջանը արգելափակել է նաև դեպի Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների, այդ թվում՝ մանկական սննդի և դեղորայքի մատակարարումները, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։
Փաշինյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության Հայաստանի Հանրապետության կառավարական հանձնաժողովը դեռևս սույն թվականի հուլիսի 26-ին դեպի Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռներ ուղարկելու որոշում էր կայացրել և դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորված 19 բեռնատար ավտոմեքենաները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտ։
«Ուզում եմ հիշեցնել, որ այդ 19 բեռնատարների պարունակությունը հետևյալն է․ ալյուր 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, շաքարավազ՝ 60 տոննա, բուսական յուղ՝ 40 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, աղ՝ 20 տոննա, մանկական կեր՝ 12 տոննա, դեղորայք՝ 9 տոննա։ Ընդհանուր առմամբ՝ 361 տոննա հումանիտար բեռ։
Բեռի այս պարունակությունը հավաստվել է Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կողմից և ցանկացած պահի կարող է վերահաստատվել Կոռնիձորում արդեն 16 օր կայանված բեռնատարների զննմամբ։ Հետագայում հումանիտար շարասյանը միացել են ևս երկու բեռնատար 9 տոննա քաղցրեղեն, մասնավորապես 33 անուն կոնֆետներ և թխվածքաբլիթ արտադրող ընկերության կողմից և մեկ բեռնատար 25 տոննա մակարողենով Փարիզի քաղաքապետի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպեր, Օ դը Ֆրանս, Նոր Ակվիտանիա, Լուարի երկիր երկրամասերի վարչական ղեկավարների անունից»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների մուտքի արգելքը առավել հավաստի են դարձնում Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները։
«Եվ, իսկապես, միջազգային փորձագիտական շրջանակներից հնչում են ավելի ու ավելի բարձր կարծիքներ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դիտարկվել ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի դիտանկյունից։
Կարծում եմ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը ծավալվել է այն աստիճանի, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակին միջազգային իրավական գնահատական տալու ուղղությամբ, մանավանդ, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումները Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժը ապահովելու մասին»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ամենաբարձր ատյանները վերջին շրջանի իրենց հայտարարություններով ամրագրեցին, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին Ադրբեջանի տված մեկնաբանությունները որևէ կապ չունեն իրականության հետ, և որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը։
«Այս պայմաններում պետք է արձանագրեմ, որ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում։
Հայաստանի Հանրապետությունը իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- եզրափակեց Փաշինյանը։