Բելառուսը Հայաստանի հետ համաձայնեցրել է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերը, Երևանը չի արգելափակել դրանք, սակայն ցանկալի կլիներ, որ Հայաստանը ներկա գտնվեր Մինսկում անցկացվող ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Ոչ մի որոշում չի արգելափակվել, Բելառուսի արտաքին գործերի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները համաձայնեցրել են բոլոր որոշումները (խմբ․՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին ներկայացված փաստաթղթերը), հռչակագիրը։ Սա նույնպես խոսում է փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմից՝ լուծելու այն հարցերը, որոնք ներկայումս դրված են կազմակերպության վրա», – Ալեքսանդր Վոլֆովիչի խոսքերն է մեջբերում ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
Պատասխանելով հարցին, թե որքան զգայուն է ՀԱՊԿ-ի համար գագաթնաժողովում հայկական կողմի բացակայությունը, Վոլֆովիչը նշել է․ «Անշուշտ, ցանկալի կլիներ, որ այսօր ներկա գտնվեին բոլորը՝ և՛ պետությունների ղեկավարները, և՛պատվիրակությունները։ Բայց ամենակարևորն այն է, որ հայկական կողմը համաձայնել է բոլոր որոշումներին, սակայն, ըստ երևույթին, կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որ մեր հայ գործընկերները որոշել են այսօր չժամանել Մինսկ»։
Միևնույն ժամանակ Վոլֆովիչը վստահություն է հայտնել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկություն չունի։
«Սա սխալ է, դա օգուտ չի բերի առաջին հերթին Հայաստանի ժողովրդին և օգուտ չի բերի երկրին», – ընդգծել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարը։
Ավելի վաղ Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը, պատասխանելով ԲԵԼՏԱ-ի հարցին, ասել էր, որ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի բոլոր որոշումները օրինական են լինելու՝ չնայած հայկական կողմի բացակայությանը։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, քննարկել ենք, ի թիվս այլ հարցերի, այս հարցերն ու որոշումների կայացման մեխանիզմները։ Բոլոր որոշումները, որոնք այսօր կկայացվեն, միանգամայն օրինական են։ Կազմակերպության կանոններին և ընթացակարգին համապատասխան՝ որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ», – ասել էր նա։
Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը Մինսկում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի ստորագրված փաստաթղթերը։
Մինսկում անցկացվող ՀԱՊԿ խորհրդի նիստին են մասնակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հյուրերին ընդունել է 2023 թվականին ՀԱՊԿ-ում նախագահող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Փաշինյանն այդ մասին տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցել նաև ՀԱՊԿ խորհրդի նիստին նախորդած նիստերին՝ ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների մասնակցությամբ։