Իրանը փորձում է առավելագույնս օգտվել տարածաշրջանային նոր իրողություններից և ամրապնդել սեփական դիրքերը Հարավային Կովկասում։ Նման տեսակետ է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի այցը Հայաստան:
Փորձագետի խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում խորացող խնդիրները, դրանով նաև Ռուսաստանի ազդեցության նվազումն ամբողջ տարածաշրջանում, Իրան-ԵԱՏՄ համագործակցության խորացումը, Թուրքիայի շարունակվող միակողմանի աջակցությունն Ադրբեջանին և Հայաստանի նկատմամբ չդադարող երկկողմ սպառնալիքները, Արևմուտքի դիրքերի ամրապնդման քայլերը Վրաստանում առաջացրել են քաղաքական ազդեցության որոշակի վակուում նաև մեր տարածաշրջանում, որի համար փորձում է պայքարել նաև Իրանը։
Պետրոսյանը նաև շեշտել է, որ Իրանն առաջ է մղում «3+3» ձևաչափը՝ որպես տարածաշրջանային խնդիրների կարգավորման համար ամենաբարենպաստ միջավայր։ Նման գործողություններով պաշտոնական Թեհրանը նպատակ է հետապնդում ամրապնդվել տարածաշրջանում առաջին հերթին տարածաշրջանային մրցակիցների՝ Ռուսաստանի, Թուրքիայի հետ մրցակցությունը կառավարելու համար: Նրա խոսքով՝ այս կերպ Իրանը փորձում է կանխել իր համար ռազմավարական նշանակության մեկ այլ խնդիր՝ սեփական հարևանությամբ Արևմուտքի դիրքերի ամրապնդման նպատակային ջանքերը։
Մյուս կողմից Հայաստանում ազդեցության աճի նպատակով Իրանը փորձում է կիրառել փափուկ ուժն ու քաղաքական հռետորաբանությունը՝ բարձրաձայնելով տևական ժամանակ կանգնեցված էներգետիկ նախագծերի իրականացման, ենթակառուցվածքների կառուցման մասին, հերթական անգամ ընդգծելով Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը և այլն։
Ամփոփելով՝ փորձագետը նկատել է, որ Մերձավոր Արևելքում վերջին շրջանում ազդեցության նվազում արձանագրող Իրանը փորձում է ամրապնդվել Հարավային կովկասում: