Արցախի ամբողջական գրավումից և հայաթափումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձեց արտահերթ ընտրությունների անցկացմամբ էլ ավելի ամրապնդել դիրքերը թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական ոլորտներում: Կասկածից վեր էր, որ փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթանակ էր տանելու Ի. Ալիևը, ում կարգախոսը հետևյալն էր՝ «Հաղթանակած ժողովրդի հաղթանակած առաջնորդ»: Այստեղ հստակ երևում էր, որ նախընտրական քարոզարշավի շեշտը դրվել էր «2020թ.-ից հետո ձեռքբերված հաղթանակների վրա», և սա էր ալիևյան հիմնական խաղաքարտը: Ի տարբերություն այլ երկրների՝ Ադրբեջանում Ի. Ալիևի իշխանության գալուց հետո, այսպես կոչված, դասական նախընտրական քարոզարշավներ չեն եղել, և այս տարին ևս բացառություն չէ:
Ալիևից բացի ընտրարշավին մասնակցում էին ևս 6 այլ թեկնածուներ, որոնք, սակայն, պարզապես ձևական դերակատարներ էին, և ընտրություններն անցկացվեցին առանց լուրջ այլընտրանքի պայմաններում: Ալիևին այս ընտրություններով պետք էր ապահովել երկրի հետագա մի քանի տարիների անցնցում կառավարումը, իր իշխանության ամրապնդումը, առաջիկա 7 տարիներին կայունության ապահովումը՝ համաշխարհային և տարածաշրջանային իրադարձությունների և քաղաքական անկայունությունների ֆոնին:
Ադրբեջանի ԿԸՀ տվյալներով քվեարկության վերջնական պատկերը հետևյալն էր՝
1. Իլհամ Ալիև, նախագահի թեկնածու իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից՝ 92,05%
2. Զահիդ Օրուջ, ինքնաառաջադրված թեկնածու՝ 2,19%
3. Ֆազիլ Մուստաֆա, նախագահի թեկնածու «Մեծ արարում» կուսակցությունից՝ 2%
4. Գուդրեթ Հասանգուլիև, նախագահի թեկնածու «Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից՝ 1,76%
5. Ռազի Նուրուլլաև, նախագահի թեկնածու «Ազգային ճակատ» կուսակցությունից՝ 0,8%
6. Էլշադ Մուսաև, նախագահի թեկնածու «Մեծ Ադրբեջան» կուսակցությունից՝ 0,67%
7. Ֆուադ Ալիև, ինքնառաջադրված թեկնածու՝ 0,53%
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 76,73% կամ 4 մլն 971 հազար 032 մարդ:
Ընդհանուր առմամբ, ընտրական գործընթացի հետ կապված կարելի է առանձնացնել հետևյալ ուշագրավ իրողությունները՝
- Վերջին տարիներին Ադրբեջանում Ալիևի իշխանության համար լուրջ վտանգ ներկայացնող ընդդիմադիր ուժ կամ անհատ գործիչ չկա, և Ադրբեջանի իշխանությունը մշտապես աչքի է ընկել այլախոհության նկատմամբ խիստ ճնշումներով և բանտարկություններով: Վերջին շրջանի ակտիվ ձերբակալությունները զարմանք չեն հարուցում, քանի որ դա այդ իշխանությանը բնորոշ գործելաոճ է: Առանձին շրջափուլերում ալիևյան վարչակարգի թիրախում են եղել ինչպես քաղաքական, քաղաքացիական, այնպես էլ կրոնական տարբեր մակարդակի գործիչներ։ Նրանցից շատերը բարձրաձայնում էին Ալիևի ընտանիքի կողմից օկուպացված Արցախում տեղի ունեցող կոռուպցիոն գործարքների մասին: Իսկ արտաքին, հատկապես իրանական ազդեցության թուլացման նպատակով տարիներ շարունակ բռնաճնշումներ են եղել շիա գործիչների դեմ. ընդ որում, դրանք մինչ օրս շարունակվում են, չնայած որ կրոնական շերտի ներկայացուցիչներն արդեն բավականաչափ թուլացած են:
- Իշխանության պահպանման համար Ալիևն օգտագործել է տարատեսակ գործիքակազմ՝ կառուցված հակահայկական հիմքի վրա, որի կենտրոնում եղել է Արցախյան հիմնահարցը: Տարիներ շարունակ Ալիևի վարչակարգի կողմից առաջ տարվող այն քարոզչական թեզը, որ իրենց բոլոր խնդիրները Ղարաբաղի կորստի պատճառով են, մնացել է անցյալում: Այժմ ժամանակն է, այսպես ասած, «ամրագրել» այդ հաղթանակն ընտրությունների միջոցով, քանի որ սրանք առաջին ընտրություններն են օկուպացված տարածքներում 2020թ.-ի պատերազմից հետո: Դրանից բացի, Ալիևն այսօր, չնայած առկա սոցիալ-քաղաքական բազմաթիվ խնդիրներին, բարձր աջակցություն ունի հանրության շրջանում, և դա պետք է օգտագործել:
- Հօգուտ Ալիևի կարելի է մենկաբանել նաև այն հանգամանքը, որ մնացած 6 թեկնածուները ևս իրենց նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդես են եկել իշխանական թեզերի քարոզով՝ կապված «Ղարաբաղի միավորման ու վերջնական ազատագրման» և «Զանգեզուրի միջանցքի» թեմաների հետ՝ ընդգծելով, որ ժողովուրդն ընտրել է իր առաջնորդին իրավացիորեն:
Տեղական և արտասահմանյան դիտորդների առկայությունն էլ ևս մեկ անգամ փաստում է՝ Ալիևն արտաքին ուժերին ցանկանում է ցույց տալ, որ «թափանցիկ և արդար» ընտրություններ են կազմակերպվել՝ այդ թվում նաև օկուպացված տարածքներում: Արտասահմանյան դիտորդների շրջանակում Ադրբեջան էին ժամանել ներկայացուցիչներ ՌԴ-ից, Սերբիայից, Ուզբեկստանից, Թուրքիայից, ԵԱՀԿ-ից, ԱՊՀ-ից, ՎՈՒԱՄ-ից (Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի մասնակցությամբ կազմված տարածաշրջանային կազմակերպություն), ԹՊԿ-ից (Թյուրքական պետությունների կազմակերպություն) և այլ կազմակերպություններից ու երկրներից:
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» արհեստածին թեման շարունակում է գերակշռել ներքին լսարանին մատուցվող տեղեկատվական հոսքերում և մատնանշում առաջիկայում Ալիևի կողմից ձեռնարկվելիք քայլերի շրջանակը, սակայն դրա համար հիմք է նախապատրաստվում նաև իրավական դաշտում՝ անընդհատ բարձրացնելով «բռնի տեղահանվածների հետ վերադարձի հարցը»:
Ընտրախախտումներ չարձանագրվեցին ո՛չ տեղական, ո՛չ միջազգային դիտորդական խմբերի կողմից, ընդհակառակը՝ մի շարք գործիչներ նշեցին, որ ընտրությունները բարձր մակարդակով էին կազմակերպված, իսկ լրագրող, ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն նշել էր, թե «Ֆրանսիան կարող է դասեր քաղել ընտրությունների ժողովրդավարական ընթացակարգերի այն չափանիշներից, որոնք այսօր ցուցադրում է Ադրբեջանը»:
Ադրբեջանում դեռևս գոյություն ունեցող, սակայն իրավիճակի վրա ազդելու հնարավորություն չունեցող մի քանի ընդդիմադիր ուժեր՝ «Մուսավաթ», «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունները, անհատ ընդդիմադիր ակտիվիստներ հայտնեցին իրենց դժգոհությունն ընտրությունների կեղծման վերաբերյալ և, որ ընտրություններն անցել են կոպիտ խախտումներով: Լրատվամիջոցներն ահազանգում էին, որ համացանցի հասանելիության խնդիր է առաջացել տարբեր ընտրատեղամասերում, արձանագրվել են կրկնաքվեարկության դեպքեր: Սակայն նշված միջադեպերի արձանագրում միջազգային դիտորդների կողմից այդպես էլ չեղավ:
Ինչ վերաբերում է արդեն հետընտրական շրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, կասկածից վեր է, որ ավելանալու են ադրբեջանական պահանջները, ընտրություններում վստահ հաղթանակ տարած Ալիևի և նրա թիմի հռետորաբանությունն ու գործողություններն ավելի ագրեսիվ են դառնալու:
Էմմա Կարապետյան