Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող, արևմտահայ մեծ մտավորական Գրիգոր Զոհրապի վերաբերյալ կոթողային աշխատության հեղինակ, Ստամբուլում բնակվող մտավորական Նեսիմ Օվադյա Իզրաիլը։ Որպես պատմաբան՝ իր մասնագիտական կյանքի սկզբում «Իթթիհաթ վե Թերաքքի» (Միություն և առաջադիմություն) կուսակցության նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող թուրք գրողը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ հայկական հարցի հետ ծանոթանալուց հետո ամբողջովին փոխել է իր կարծիքն ու մոտեցումները 20-րդ դարի սկզբին ի հայտ եկած «իթթիհաթականների»
(երիտթուրքերի) նկատմամբ։
– Պարոն Նեսիմ Օվադյա Իզրաիլ, որպես թուրք գրող, մտավորական ի՞նչ խորհուրդ և նշանակություն ունի Ձեզ համար ապրիլի 24-ը։
– Օսմանյան կայսրության տիրապետության ներքո ապրող հայերը, որպես հավասար քաղաքացիներ, անհավասար ցրված էին ողջ երկրով մեկ: Հայ բնակչության թվի վերաբերյալ տարբեր տվյալներ կան։ Այդ ժամանակվա օսմանյան իրավունքի համաձայն՝ որպես ազգ ճանաչված հայ համայնքը միասնական միավոր էր։ Վանի, Ստամբուլի կամ Իզմիրի հայերը բոլորը մի ամբողջության մասեր էին: 1915 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլում հավաքվեցին և գլխատվեցին հայ ազգը կազմող ամենակարևոր տարրերը։ Կամ այլ կերպ ասած՝ եթե հայ ժողովրդին պատկերացնենք որպես ամբողջ մարմին, ապա ապրիլի 24-ը այդ մարմնի գլխատումն է։ Անգլուխ մարմնի գոյատևման հարցը հնարավոր չէ նույնիսկ քննարկել, էլ չեմ խոսում կյանքի շարունակականությունն ապահովելու մասին։ 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված գործընթացում, ապստամբության պատրվակով, այն ժամանակվա օսմանյան կառավարությունը, հայ ժողովրդի առաջնորդող հատվածին գլխատելուց հետո, պատժեց ու ոչնչացրեց իր միլիոնավոր անմեղ քաղաքացիներին ամբողջությամբ։
Ապրիլի 24-ի խորհրդանիշը պատկերում է այն, ինչ արվեց օսմանյան հայերի նկատմամբ 1915 և 1916 թվականներին: Նախ հայ ժողովրդի մտավորականներն ու առաջնորդները, ապրիլի 24-ին, ձերբակալվեցին և ուղարկվեցին անվերադարձ աքսորի: Առանց «մեղավոր և անմեղ» նայելու՝ անգլուխ մնացած հայ ժողովրդին, նույն կերպ աքսորեցին անապատներ՝ արմատախիլ անելով իրենց դարերով ապրած վայրերից։ 1915թ. ապրիլի 24-ը մի խորհրդանիշ է, որը ի ցույց է դնում, որ այդ տարիներին Օսմանյան պետության վարած քաղաքականությունը ամբողջովին տեղավորվում է ցեղասպանություն եզրույթի մեջ։
– Դուք հեղինակել եք 24 ապրիլ 1915թ․ գիրքը, ինչպես նաև ունեք առանձին աշխատություն արևմտահայ մեծ մտավորական Գրիգոր Զոհրապի վերաբերյալ։ Ինչու՞ որոշեցիք ուսումնասիրություններ կատարել հենց այս ասպարեզում։ Ի՞նչը դրդեց կամ ոգեշնչեց Ձեզ։
– Նախ, ես ուսումնասիրում էի ուշ օսմանյան շրջանի պատմությունը։ Ըստ էության, ես դրական կարծիք ունեի «Միության և առաջադիմության» կոմիտեի մասին։ Երբ 1990-ականներին սկսեցին հայկական հարցի շուրջ քննարկումներ ծավալվել և սկսեցին հրապարակումներ ի հայտ գալ, թե՛ համաշխարհային շրջանակներում, թե՛ Թուրքիայում, իմ տեսակետն այս հարցում կտրականապես փոխվեց։
Այս համատեքստում ես որոշեցի ուսումնասիրել 1915-1916 թվականներին օսմանյան ողջ տարածքներում հայերի նկատմամբ կիրառված կոտորածի ստամբուլյան հատվածը: 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալված և Չանքըրը և Այաշ տարված մտավորականներին բոլորին նույւն ճակատագիրն էր սպասվում։ Թուրքական պաշտոնական տեսակետը պաշտպանող կողմը նշում է, որ «Ոչ, ոչ բոլորն են սպանվել, մեծամասնությունը ողջ վերադարձել է պատերազմի ավարտից հետո»։ Ես ձեռնամուխ եղա այս խնդրին որոշակի պարզություն մտցնելու իմ տեսանկյունից:
Այս թեման ուսումնասիրելիս հետաքրքրվեցի Գրիգոր Զոհրապով, ում մասին մինչ այդ շատ քիչ տեղեկություններ ունեի։ Նախ հեղինակեցի Զոհրապի մասին գիրքը, ապա՝ «24 ապրիլի, 1915 թ.» վերնագրով իմ աշխատությունը։ Իմ կարծիքով, 1915 թվականի ապրիլի 24-ի ամենանշանավոր դեմքը Գրիգոր Զոհրապն է։ Նույնիսկ պոլսահայերը դժվարությամբ են Զոհրապի և Կոմիտաս Վարդապետից բացի մեկ այլ անուն կարողանում հիշատակել կապված այս իրադարձությունների հետ։ Ինձ օրինակ հետաքրքրում է, թե Հայաստանում ինչպիսին է տեղեկացվածությունը։
Մեկ այլ կարևոր արդյունք, որը ես ստացա իմ ապրիլի 24-ի հետազոտությունից, Չանքըրըի և Այաշի մասին թերի տեղեկատվության առկայությունն էր։ Չանքըրըն ու Այաշը համակենտրոնացման ճամբարներ ու բանտեր էին հայ մտավորականների համար։ Փաստորեն, բոլոր սպանությունները տեղի են ունեցել Անկարայում։ Բոլոր սպանությունները կատարվել են Անկարայի կենտրոնից 2-3 ժամ հեռավորության վրա գտնվող ամայի վայրերում։ Եվ այսօր այս վայրերը դարձել են մեծացող Անկարա քաղաքի թաղամասերը։ Ուստի, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի օգտագործել «Չանքըրը, Այաշ և Անկարա» տեղանունները:
– Վերջին տարիներին Թուրքիայում մտավորական որոշ շրջանակներ բարձրաձայնում են 1915-ի ցեղասպանության մասին, երբեմն նաև հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում։ Ի՞նչ եք կարծում այս միտումը կպահպանվի՞, թե՞ կախված հանգամանքներից որոշակի հետընթաց կարձանագրվի։
– Ես նրանցից եմ, ովքեր լավատեսորեն են նայում այս հարցին։ Այո, այսօր աշխարհում և Թուրքիայում ստեղծված պայմաններն այս հարցում հուսադրող չեն թվում։ Բայց ես կարծում եմ եմ, որ այս բացասական պայմանները հավերժ չեն շարունակվելու, և ես կանխատեսում եմ գեղեցիկ օրեր ժողովրդավարության և մարդու իրավունքների համար։ Մարդկությունը գնալով ավելի զգայուն է դառնում ցեղասպանությունների նկատմամբ։ Ի՞նչ եք կարծում, Իսրայելի արածը կմոռացվի՞։ Նմանապես, ես հավատում եմ, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես Հոլոքոստը, չի մոռացվի: Այսօր, թեկուզ փոքրաթիվ թուրք մտավորականներ ավելի ու ավելի են պաշտպանում 1915 թվականին հայերի հետ կատարվածի վերաբերյալ ճշմարտությունը:
– Ի՞նչը կարող է ստիպել, որ ինչ-որ պահի փոխվի Հայոց ցեղասպամության հարցում Թուրքիայի պետական ժխտողական քաղաքականությունը։ Միջազգային գործո՞նը, իշխանափոխությո՞ւնը թե՞ այլ բան:
– Հասարակության փոփոխությանը զուգահեռ տեղի կունենա թուրքական պետության ժխտողական քաղաքականության փոփոխություն։ Իհարկե, դա կլինի ավելի ուշ, բայց դա կլինի: Այսօր քրդերը կարծես թե կոտրել են այդ ցիկլը։ Չմոռանանք, որ քրդերը, ալևիները, լուսավորյալ թուրքերը բնակչության զգալի թիվ են կազմում։ Ավելին, թուրքերը ժամանակի ընթացքում ի վերջո կենթարկվեն այս լուսավորության ազդեցությանը, և, ի վերջո, այդ փոփոխությունը կհասնի պետությանը:
Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տվեցիք ձեր հարցերին պատասխանելու միջոցով նաև ողջույններ փոխանցել Հայաստանի ժողովրդին։