«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը հայտարարել է անցումային կառավարություն ստեղծելու մասին և համընդհանուր համաներում հայտարարել Ասադի զորքեր զորակոչվածների համար: Պետության ներսում հակամարտությունը դեռ չի ավարտվել։ Ընդդիմադիրները շարունակում են պայքարել տարածքային վերահսկողության համար, ընդ որում, «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը և Սիրիական ազգային բանակը գրավում են ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կողմից վերահսկվող տարածքները, այդ թվում՝ նավթի կարևոր հանքավայրերը: «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ պետությունների կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ խմբավորման առաջնորդը՝ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին (իրական անունը` Ահմադ ալ-Շարա), որն այժմ հանդիսանում է երկրի փաստացի առաջնորդը, կոչ է անում միջազգային հանրությանը հանել ահաբեկչի «պիտակը» իր և իր խմբավորման վրայից:
Այս հոդվածում կփորձենք հասկանալ Սիրիայի ներկայիս կարգավիճակը, գործող ժամանակավոր իշխանության գաղափարական անցյալը և ներկան և տարածաշրջանի հիմնական դերակատարների դիրքորոշումները։
Ինչպիսի՞ն է իրավիճակը Սիրիայում.
Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան, և ըստ ռուսական կողմի՝ ապաստան ստացել Ռուսաստանում։ Ասադի կողմից նշանակված վարչապետը մնաց Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում և դեկտեմբերի 10-ին վերահսկողությունը հանձնեց Իդլիբում «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի ղեկավարած վարչակազմին՝ Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանիի (իրական անունը՝ Ահմեդ Ալ-Շարա) գլխավորությամբ: Վարչակազմը հայտնել է, որ այն կգործի մինչև 2025 թ. մարտի 1-ը, այնուհետև տեղի կունենան ընտրություններ։
Այժմ երկիրը վերահսկում են մի քանի զինված խմբավորումներ, որոնցից առանցքային են «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը, «Սիրիայի ազգային բանակը» և քրդական՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերը»: «Հայաթ Թահիրի ալ-Շամ»-ը ցանկանում է, որ բոլոր ոչ պետական խմբավորումները լուծարվեն և զինաթափվեն: Սիրիական ընդդիմությունը միասնական չէ, և երկիրը մնում է պառակտված։
Ռուսական ռազմակայանները մնում են Սիրիայի ծովափնյա շրջաններում, իսրայելական ուժերը ներկայություն ունեն Սիրիայի հարավում, իսկ ԱՄՆ-ի ուժերը մնում են Սիրիայի հյուսիս-արևելքում:
Սիրիայում մարդասիրական օգնության անհրաժեշտությունը շարունակում է բարձր մնալ, մոտ 16,7 միլիոն մարդ օգնության կարիք ունի, ինչը ամենաբարձրն է 2011 թվականից ի վեր: Մեծ վնասներ են հասցվել սիրիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ դպրոցներին, ճանապարհներին և հիվանդանոցներին:
Ինչպիսի՞ն է միջազգային հանրության վերաբերմունքը «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ի նկատմամբ
Ի սկզբանե, այն ստեղծվել է այլ անունով՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա» (թարգմանաբար՝ «Նուսրայի ճակատը»), 2011 թ.՝ որպես ալ-Կաիդայի մասնաճյուղ: Այն համարվում էր նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ գործող ամենաարդյունավետ և մահաբեր խմբավորումներից մեկը: 2016 թ․-ին Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանիի գլխավորությամբ բեկումնային փոփոխություն տեղի ունեցավ․ «Ջաբհաթ ալ Նուսրա»-ն հրապարակայնորեն խզեց կապերը «Ալ-Կաիդա»-ի հետ և ընդունեց «Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ» նոր անունը, որը նշանակում է «Լևանտի նվաճման ճակատ»: Հաջորդ տարի այն միավորվեց իսլամական ռազմականացված այնպիսի կազմավորումների հետ, ինչպիսիք են «Հարաքաթ Ահրար ալ-Շամը», «Ջեյշ ալ-Իզզան» եւ «Ֆայլաք ալ-Շամը» «Սիրիայի ազգային բանակի» գրոհայինները, որոնց թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջան տեղափոխված «Սուլթան Մուրադ» եւ «Համզա» կոչվող դիվիզիաների ստորաբաժանումները։
Չնայած այս ռեբրենդինգին, որի նպատակը միջազգային հանրության ու երկրի բնակչության շրջանում մարդասիրական կերպար ստեղծելն ու հեղինակության բարձրացումն էր, «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի հիմնական գաղափարախոսությունը շարունակում է լինել ջիհադականությունը։
Գերտերությունները չեն շտապում դիրքորոշում հայտնել, դրանք հայտարարել են, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ որոշումները կախված են նրանից, թե ինչ կլինի Սիրիայում հետագայում:
Ի՞նչ դեր ունեն Թուրքիան և Իսրայելը
Ներկա պահին Իսրայելը և Թուրքիան երկու արտաքին դերակատարներ են, որոնք շարունակում են ռազմական ակտիվությունը Սիրիայում։ Իսրայելի պաշտպանության բանակը շարժվել է օկուպացված Գոլանի բարձունքներից՝ գրավելով ՄԱԿ-ի բուֆերային գոտին և գործում է նաև Սիրիայի հարավում։ Բարձունքները վիճելի են Իսրայելի և Սիրիայի միջև: Մեծ Բրիտանիան և ՄԱԿ ԱԽ-ը պահանջ են ներկայացրել Իսրայելին դուրս գալ այդ շրջաններից: ԱՄՆ-ն բարձունքները համարում է Իսրայելի տարածք, իսկ Իսրայելն իր գործողությունները որակում է որպես ժամանակավոր քայլեր՝ կանխելու հնարավոր հարձակումները։ Հաղորդվում է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը 498 հարված է հասցրել Սիրիայում քիմիական զենքի և ռազմական օբյեկտների վրա՝ Ասադի տապալումից հետո:
Թուրքիան շարունակում է աջակցել Սիրիայի ազգային բանակին, որը նոյեմբերին գործողություններ է սկսել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ (Թուրքիան նման հարձակումներ է իրականացնում 2016 թվականից): Թուրքիան պնդում է, որ խմբավորումը կապեր ունի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ, որը ապստամբություններ է կազմակերպում Թուրքիայում: Թուրքիան հայտարարել է, որ ակնկալում է զինաթափել PKK-ին, ուստի այս պատրվակն օգտագործելով Թուրքիան փորձում է մարգինալացնել քրդական ուժերին Սիրիայի սահմանամերձ շրջաններից։
Ի՞նչ է նշանակում Ասադի վարչակարգի փլուզումը տարածաշրջանի համար
Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահի» համար Ասադի վարչակարգի փլուզումը արտացոլում է Իրանի «դիմադրության առանցքի» ռազմավարական պարտությունը: Վարչակարգի փոփոխությունը կտրում է Իրանից Լիբանան տանող ցամաքային ճանապարհը և հանգեցնում է լիբանանյան Հիզբալլահի ու պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ռազմական ուժերի թուլացմանը Իսրայելի նկատմամբ։
Ռուսաստանի ռազմակայանները Սիրիայում նպաստել են Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ազդեցության գոտի սահմանելուն: Այս ռազմակայանների ապագան այժմ անորոշ է։ Որոշ շրջաններից նահանջ է գրանցվել:
Անորոշ են նաև հետևանքները Իսրայելի հետ գործընթացներում։ Սիրիայի և Իսրայելի միջև վերջին շրջանում ուղիղ բախում չի եղել, սակայն երկու երկրները երբեք խաղաղության համաձայնագիր չեն ստորագրել: Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ «Սիրիայից սպասվող վտանգի սպառնալիքները համարում է ուժեղացած»։
ԱՄՆ-ն ունի հայ 900 զինծառայող Սիրիայում, որոնց մեծ մասը տեղակայված է հյուսիս-արևելքում՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կողքին: ԱՄՆ-ն առայժմ մտադիր է պահպանել այդ զորքերը Իսլամական պետության պարտությունն (փաստացի տարածաշրջանում զգալիորեն թուլացել է 2019թ․-ից) ապահովելու պատրվակով։
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը և ՄԱԿ-ը կոչ են արել քաղաքական բանակցություններ վարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (UNSCR) 2254 (2015) բանաձևի ներքո։ Սա պահանջում է բանակցություններ վարել Սիրիայի նոր սահմանադրության շուրջ և անցկացնել ազատ ու արդար ընտրություններ։
Ի հավելումն ՄԱԿ ԱԽ 2254-ի բանաձևի հաստատմանը, ասվում է, որ անցումային իշխանությունները պետք է հարգեն մարդու իրավունքները, բնակչությանը տրամադրեն հիմնական ծառայություններ, ոչնչացնեն քիմիական զենքի պաշարները և պատասխանատվություն ապահովեն Ասադի օրոք մարդու իրավունքների խախտումների համար:
Հեղինակ՝ արաբագետ Միլենա Ղուկասյան